ԿարևորՔաղաքական

Ինչպե՞ս է կիրառվում այսօրվա Մայր օրենքը


Օրվա խորհուրդը՝ Սահմանադրությունը մարդու իրավունքների տեսանկյունից բավականին երաշխավորող նորմեր է սահմանում: Այսինքն՝ այնպիսի նորմեր են, որոնք իրականում երաշխավորում են այդ պաշտպանությունը:

Այս համոզմունքին է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը: Դրանց իրացումը, սակայն, նրա խոսքով, այլ խնդիր է: 

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, սակայն, կարծում է, որ մեր Սահմանադրությունն այդպես էլ կյանքի ուղեգիր չի ստացել:

Ըստ նրա՝ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքները, հատկապես՝ մարդու իրավունքները, մեծամասամբ չեն պաշտպանվում, քանի որ Սահմանադրության մեջ չեն ամրագրվել այնպիսի սկզբունքային հարցեր, որոնք պետք է հավասարակշռեին ամբողջ իշխանությունը:

 

 

Մեր Սահմանադրության պատմությունը ցավոք միշտ, կարծես թե, ստվերվել է մեր ընտրական համակարգին բնորոշ  անվստահության մթնոլորտում՝ նկատեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Թե որքանո՞վ է ՍԴ դատավորը համամիտ նման պնդումների հետ՝ դժվար է ասելը: Ասաց, որ որպես իրավաբան կարող է միայն նման պնդում անել միայն օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում, իսկ նման բան չկա:

Որքանո՞վ է գործնականում դա ապահովված, այլ հարց  է՝ ասաց Ալվինա Գյուլումյանը: ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը, մինչդեռ, նկատում է, որ դատական իշխանությունը, նաեւ՝ ՍԴ-ն, ձեւավորվում է քաղաքական մեկ մարմնի կողմից: Նրա գնահատմամբ՝ դա թույլ չի տալիս, որ դատական իշխանությունն անկողմնակալ լինի եւ հավատարիմ միայն Սահմանադրությանը: Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ կան նորմեր, որոնք պարզապես չեն կարող կենսունակ լինել.

«Ինչպե՞ս է կիրառվում այսօրվա Սահմանադրությունը: Մի շարք նորմերում, կարելի է ասել, որ ամրագրվել է մի բան, պրակտիկայում լրիվ այլ երեւույթներ են»:

Խորհրդային մտածելակերպից է գալիս, երբ մի բան պետք է գրվեր, այլ բան՝ արվեր: Կիմ Բալայանի խոսքով՝ այսօր էլ այն իներցիայով գործում է: Նա բերեց նաեւ օրինակներ՝ շեշտելով, թե փաստեր են, որոնք ցույց են տալիս, որ ունենք մեկ իրականություն, որը գրված է Սահմանադրության մեջ եւ մեկ այլ իրականություն, որն օգտագործվում է կյանքում:

«Մենք չփորձեցինք ի շահ մեր ազգային արժեքների ստեղծել մի Սահմանադրություն, որը նաեւ ամբողջությամբ կիրառելի կլիներ կյանքում»:

Դրա ճանապարհը, ըստ Կիմ Բալայանի, նախեւառաջ դատական իշխանության ձեւավորումը քաղաքական մարմնի լիազորություններից դուրս բերելն է: Կարծում է, որ նորմալ դատական համակարգը կայացնելու համար  պետք է նաեւ նորմալ փաստաբանական ծառայություն ունենալ՝ նրանց լիազորություններ տալով:

«Այսօր փաստաբանը ամենասահմանադրական ճշմարտությունը դատարանում ասելով՝ չի կարող արդյունքի հասնել»:

Սահմանադրական դատարանի նախկին անդամը չհերքեց, որ Հայաստանում գործել է, այսպես ասած, հեռախոսային իրավունքը: Ըստ նրա՝ բարեբախտություն է, որ հեղափոխությունից հետո ցուցումների պրակտիկայի բացակայության պայմաններում ադապտացիան շուտ տեղի ունեցավ եւ դատարաններն սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել:

Անդրադառնալով ՍԴ-ին՝ Կիմ Բալայանը նաեւ նկատեց, որ հասարակության մեջ կա տեսակետ, թե այն ամեն անգամ դակել է իշխանությունների տեսակետը: Խոսքը մասնավորապես ընտրական գործընթացների հետ կապված որոշումների մասին է:

Մինչդեռ, նա վստահեցրեց, որ դա այդպես չէ, քանի որ երբեւիցե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը իրավական ճանապարհով փաստեր չեն հավաքել եւ դատարան չեն ներկայացրել: Այս տեսակետից՝ ՍԴ-ին մեղսագրվող այդ արարքները տեղին չեն՝ եզրափակեց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

Ցուցադրել ավելի
Back to top button