ԿարևորՀասարակություն

Այս տարի աղիքային վարակների ակտիվություն կա


Սոցցանցերում ծնողներն ակտիվ քննարկում են երեխաների մոտ նկատվող փորլուծության, ջերմության բարձրացման դեպքերի հարցը ու անհանգստացած խորհորդներ փոխանակում, բժիշկները սակայն հստակեցնում են մայրաքաղաքում աղիքային վարակների աճ է գրանցվել:

Նրանք հորդորում են հետևողական լինել սննդակարգին ու ախտանշանները նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկին:

Ամռան տապից փոքր-ինչ հովանալու միջոցը շատ փոքրիկների համար այգիների ջրավազաններն են: Անհոգ դեմքերով ու լիաթոք ծիծաղով նրանք վայելում են ժամանակը, իսկ ջրից դուրս գալուց հետո՝ շատերը շտապում մոտակա կրպակ՝ լցնովի պաղպաղակ համտեսելու: Այս անմեղ թվացող զվարճանքը,  սակայն,  շատերի համար  հատկապես 41 աստիճան տապի  պայմաններում աղիքային վարակի պատճառ է դառնում:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը փաստում է՝  այս տարվա հունիս ամսին նախորդ տարվա համեմատ աղիքային վարակների ակտիվություն կա, հատկապես 0-10 տարեկան երեխաների շրջանում:  Առավել ակտիվ  է դիզենտերիան, ինչը սննդային գործոնով է պայմանավորված:

«Ինչու եմ ասում կենտրոնացված դեպքեր չունենք, դրա համար էլ ասում եմ որ սննդային գործոնով է պայմանավորված»:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 1-ին բաժանմունքի վարիչ, մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանն էլ փաստում է , որ այս ամսվա ընթացքում ունեցել են 20 տոկոսով հիվանդների աճ՝ մեծ մասը երեխաներ:

«Ունենում են ջերմության բարձրացում, ջրազրկում:  հոսպիտալացված երեխաների վիճակն ընդունման պահին միջին ծանրության կամ ծանր է գնահատվում, և սովորաբար 2-3 օրվա ընթացքում դուրս գալով ծանր վիճակից՝ նրանց մեծամասնությունը շարունակում է  բուժումը ցերեկային ստացիոնար պայմաններում: «Երեխան շարունակում է գտնվել բժշկի հսկողության տակ, սակայն վիճակը թույլ է տալիս, որ բուժումը շարունակի տանը»:

Աղիքային վարակի գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 7 օր: Երբ ծնողները երեխայի մոտ նկատում են    փսխումներ, փորլուծություն  և ջերմության բարձրացում, պետք է անմիջապես դիմեն  բժշկին: Մինչ մանկաբույժի զննելը անհրաժեշտ է երեխային տրվող հեղուկների քանակը մեծացնել՝ խորհուրդ է տալիս ինֆեկցիոնիստը:

Ամռան այս տապին առանձնապես կարևորվում է   էնտերովիրուսներից պաշտպանությունը: Ուշադրություն դարձնել սննդակարգին, թույլ չտալ, որ օրգանիզմը ջրազրկվի, խուսափել ջրավազաններից, լողավազաններին  ընտրողաբար մոտենալ, խուսափել ոչ հիգենիկ պայմաններում պատրաստված սննդամթերքից, պաղպաղակից:

Հարցը հատկապես կարևոր է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գրանցված 5 ամսական երեխայի մահվան դեպքից հետո: Մահվանից 5 օր առաջ  երեխան ստացել էր  հերթական պատվաստումը, սակայն պատճառը, ըստ  ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի , երեխայի մոտ  հայտանբերված էնտերովիրուս է, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Վարակաբանը դիզենտերիայից ու աղիքային այլ վարակներից խուսափելու համար խորհուրդ է տալիս հետևել սննդակարգին, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրսում հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել, գերադասելի է առավոտյան մինչև 12.00-ը և ժամը 17.00-ից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button