Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Հարությունյանը Հայաստանում չեն

2008 թվականի մարտի 1-ի  արյունալի իրադարձությունների 10 ամյա քննությունից հետո գործը կրկին նոր ընթացք է ստացել:

Վկայի կարգավիճակով հարցաքննվել է 2008-ին  ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը, կրկին վկայի կարգավիճակով հարցաքննության է  հրավիրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2008-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած  Միքայել Հարությունյանին երեկ մեղադրանք է առաջադրվել:

Վերջին երկու գործիչներն, ի դեպ, այս պահին Հայաստանում չեն:

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը լքել է Հայաստանը: Նրան կալանավորելու որոշումը դատարանը երեկ էր կայացրել, երեկ էլ հայտնի դարձավ, որ նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվում «Մարտի 1» -ի գործով: Նախկին պաշտոնյայի նկատմամբ  կիրառվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասը՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մասին: Պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:

Միքայել Հարությունյանին ներկայացված մեղադրանքով այս պահի դրությամբ տարընթերցում է առաջացել: Իրավագետների մի խումբ երեկվանից պնդում է, որ նախկին պաշտոնյայի քրեական հետապնդումը տեղի է ունենում օրենքի խախտմամբ, իրավաբանության տարրական կանոնների դեմ: Խնդիրն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը 2008 թվականին գոյություն չի ունեցել։

Քրեական օրենսգրքի այս հոդվածը լրացվել է 2009 թվականի մարտի 18-ին եւ ուժի մեջ է մտել մարտի 24-ին։ Այսինքն՝ 2008 թվականին նման արարքը քրեորեն պատժելի չէր: Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ոչ կոմպետենտ է համարում նման մեկնաբանությունները:

Հատուկ քննչական ծառայության պետը հաստատում է՝ ներկայանալու ծանուցում են ուղարկել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Օրվա երկրորդ կեսին նրա գրասենյակը դեռ չէր ստացել այդ ծանուցումը՝ տեղեկացրեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Միաժամանակ հայտնի է՝  Ոոբերտ Քոչարյանը նույնպես հանրապետությունում չէ: Ինչ կարգավիճակով է գործում ներգրավված Քոչարյանը, ինչ քայլերի կդիմի Հատուկ քննչական ծառայությունը «դրսում» գտնվողներին հարցաքննելու համար եւ առհասարակ՝ այլ բարձրաստիճան ներկա եւ նախկին պաշտոնյաների հարցաքննելու է, թե՝ ոչ:

Խորհրդարանում ձեւավորված «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը 16 ամիս աշխատելուց հետո  2009-ին հրապարակեց 138 էջանոց եզրակացությունը: Անգամ սրանից հետո հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի համար մնացին անպատասխան հարցեր՝ ուղղված առավելապես առաջին եւ երկրորդ նախագահներին: Հանձնաժողովն ուներ լիազորությունների սահմանափակում եւ չէր կարող հրավիրել արդեն նախկին պաշտոնյաներին: Նիկոյանը առիթն օգտագործեց այս տարի՝ «Ելք»խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ բարձրաձայնելով այն հարցերը, որոնք կցանկանար ուղղել Ռոբերտ Քոչարյանին:

Բացի քննչական ծառայությունից եւ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովից «Մարտի 1-ի» գործի փաստերին ծանոթացել է նաեւ փաստահավաք խումբը: Նրանց եզրակացության մեջ կար վարկած, որ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի անդամներին զինվորական համազգետ էր տրամադրել: Հատուկ քննչական ծառայությունում այս վարկածը նույնպես ստուգվում է՝ հաստատեց ծառայության պետը:

Հայաստանի իրավական համակարգը 10 տարվա ընթացքում այդպես էլ չգտավ՝ ով է պատասխանատու դեպքերի արդյունքում 10 զոհի համար: Զոհերի հարազատները արդարությունը փորձում են գտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նրանց շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը բացատրում էր՝ ՄԻԵԴ դիմելու հիմնական իմաստը փոխհատուցումը չէ:

«Մարտի 1-ի» գործով օրեր առաջ վկայի կարգավիճակով հարցաքննվել էր նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 2008-ին նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Հատուկ քննչական ծառայության պետն այսօր հրաժարվեց հստակեցնել՝  գործով մեղադրյալների շրջանակն առաջիկայում կընդլայնվի՞, թե՞  ոչ:

Back to top button