Հասարակություն

Արա Վարդանյանի ձերբակալությունը Սփյուռքում երկակի զգացումներով է ընդունվել


«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությունը սփյուռքյան շրջանակներում երկակի զգացումներով են ընդունում:

Մի կողմից՝ շոկ, որ հիմնադրամին նվիրաբերումները կարող էին նման կերպ վատնվել, մյուս կողմից՝ սփյուռքում կարեւորում են այն ջանքերը, որ Հայաստանի իշխանությունները ներդնում են՝ այսօրինակ երեւույթները բացահայտելու եւ արմատախիլ անելու համար:

Դա, ոմանց կարծիքով, կվերականգնի հավատը հիմնադրամի հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու եւ այն չարաշահումներից զերծ պահելու առումով: 

           

Առաջին զգացումը շոկն էր, որ ապրեցինք՝ մեզ հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունից դժգոհությունները նոր չեն՝ մեզ հետ զրույցում նկատեց Գերմանիայի հայ ակեդիմականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը: Նա կարծում է, որ Սփյուռքի այս հատվածը ոգեւորությամբ կընդունի ԱԱԾ-ի կողմից կատարված բացահայտումն ու հիմնադրամի տնօրենի ձերբակալությունը:

Մյուս մասին համար, սակայն, Ազատ Օրդուխանյանի խոսքով, շոկ է կատարված բացահայտումը: Ըստ նրա՝ նրանք, ովքեր երազներով են ապրել եւ իրականությանը չեն ցանկացել մոտենալ ու նվիրատվություններ են արել առանց որեւէ հսկողության մեխանիզմների լուրջ մշակման եւ արհամարհել են սփյուռքում քննադատական ձայնը, կհիասթափվեն.

«Նվիրատվությունների մի մեծ ալիք առայժմ կկանգնի: Ամեն դեպքում, արդարության հաստատումը միշտ կբեր նրան, որ, եթե ոչ մոտակա շրջանում, ապա գոնե ռազմավարական առումով ավելի հարուտ շրջանակներ կմոտենան, եթե տեսնեն, որ Հայաստանում արդարությունը հաղթում է»:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը նույնպես կարծում է, որ ԱԱԾ-ի բացահայտումը կարող է խրախուսիչ լինել «Հայաստան» հիմնադրամի հետագա գործունեության առումով:

Եվրոպայի հայերի համագումարի ղեկավար Կարո Հակոբյանի  խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով չարաշահումները սպասելի էին: Սակայն, նրա ձեւակերպմամբ, այնքան էլ սպասելի չէր, որ կեղծիք ու չարաշահումներ կլինեն «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

«Սա կարող է Սփյուռքում շոկի վերածվել, որովհետեւ, կար հավատը, որ, համենայնդեպս, «Հայաստան» համահայկական հիմնադրամն այն հիմնադրամներից է, որի գումարները հավաքվում են Սփյուռքից: Սփյուռքը որոշակիորեն դրա գործունեության մեջ ներգրավված է, ուստի այստեղ պիտի նվազագույնի հասած լինեին չարաշահումները: Սակայն, եթե նրա գործադիր տնօրենը արդեն նման խախտումներ է անում, սա ցույց է տալիս, որ չարաշահումների կծիկը հասնում է նաեւ Սփյուռք»:

Եվրոպայի հայերի համագումարի ղեկավար Կարո Հակոբյանի համոզմամբ՝ հենց դա իր հսկայական բացասական ազդեցությունը կունենա ամբողջ Սփյուռքի մեջ եւ կազդի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեության վրա:

Եվրոպայի հայերի համագումարի ղեկավարը հավելեց, որ հիմնադրամը, մինչդեռ, կարող է հսկայական աշխատանքներ կատարել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի բարօրության համար, եթե իսկապես ճիշտ, հայրենանվեր եւ ազգասեր մարդիկ կազմակերպեն աշխատանքները, այդ թվում՝ նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում: Կարո Հակոբյանը կարծում է, որ պետք է վերանայվի գործունեությունը եւ ընդհանուր ժողով հրավիրվի՝ կազմվի նոր կառույց, նոր կազմով ու բովանդակությամբ՝ հիմնադրամը ճիշտ հիմքերի վրա վերադարձնելու համար:

Back to top button