ԿարևորՔաղաքական

Այն, ինչ արվել է Ադրբեջանում տապալված շոու էր․ Տիգրան Բալայան


Ադրբեջանում կայացած «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով խորհրդաժողովին մասնակցել են ռուս հայտնի գործիչներ, մասնավորապես ՌԴ պետդումայի պատգամավորներ: Վերջիններիս հնչեցրած տեսակետները Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես «Կրեմլի ձայն»:

Մինչդեռ, ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այդ ամենին թերահավատորեն է նայում եւ կարծում է, որ Ռուսաստանում առանձնապես ազդեցություն չունեցող ինչ-որ գործիչների անտեղի կարեւորում ենք մենք՝ նրանց կարծիքները բերելով լրատվական դաշտ եւ այդպիսով մեր հասարակության համար լեգիտիմացնելով նրանց:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ նկատում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է եւ այն պարբերաբար վերահաստատվել է ամենաբարձր մակարդակով, իսկ այն, ինչ արվել է Ադրբեջանում տապալված շոու էր:

Ադրբեջանում Ռուսաստանի լոբբիստներին մեզ մոտ արժեքավորելու գաղափարին Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան թերահավատորեն է մոտենում: Նա կարծում է, որ Ռուսաստանում ազդեցություն եւ հետեւորդների մեծ զանգված չունեցող մարդկանց, երբ մենք բերում ենք մեր լրատվական դաշտ, դրանով նրանց սկսում ենք լեգիտիմացնել մեր հասարակության համար: Ըստ նրա, դրանից սկսում է օգտվել հենց Ադրբեջանը. «Ադրբեջանը, մի քիչ կոպիտ արտահայտվեմ, «քեշով» գնում է նրանց՝ դարձնելով իր քարոզչական գործիք եւ «ռետրանսյլատոր» իր քարոզչական գաղափարների»:


Դրա վառ օրինակը տեսանք նախօրեին, երբ ռուս հասարակական եւ քաղաքական գործիչներն այցելել էին «Լելե Թեփե» բարձունք, որտեղ նաեւ ադրբեջանամետ հայտարարություններ արել: Հարցին երեկ անդրադարձավ նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան շեշտեց, որ  հավաքվածները մի խումբ «մարգինալ» փորձագետներ եւ քաղաքական գործիչներ էին, որոնց Բաքուն փորձեց մաքսիմալ ներկայացնել որպես «Կրեմլի ձայն», ինչը իրականությանը բացարձակ չի համապատասխանում:

«Այսինքն, փորձ արվեց մարդկանց, որոնք որեւէ բան չեն որոշում ռուսական արտաքին քաղաքականության մեջ, դարձնել ծանրակշիռ խաղացող եւ բաժանել հստակ մեսիջներ, որոնք իրենք արտաբերեցին»:

Այդպիսով, ըստ փորձագետի, Ադրբեջանն սկսեց գործի դնել իր լոբբիզմի կարողությունների ամբողջ ուժը: Ադրբեջանական հարցերով փորձագետը նկատեց նաեւ, որ այդ երկրի մամուլը Հայաստանի նոր իշխանություններին փորձում էր ներկայացնել որպես հակառուսական եւ որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կտրականապես վատթարանալու են: Ինչպես տեսնում ենք՝ նման իրավիճակ չկա, սակայան Բաքվի համար դա շատ ցանկալի է, քանի որ վերջին շրջանում փորձում է Ռուսաստանի տնտեսական դաշտն առավել ակտիվորեն գրավել: Փորձագետը կարծում է, որ մեր արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը չխծկվի ռուս-հայկական հարաբերությունների արանքը եւ չփորձի այդտեղ ինչ-որ բան փչացնել, քանի որ դա, Անժելա Էլիբեգովայի ձեւակերպմամբ, իր մեջ բավականին մեծ վտանգ է կրում:

Իրողությանն անդրադարձել է նաեւ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ Ադրբեջան այցելած, այսպես ասած՝ փորձագետներն ու քաղաքական գործիչները, այլ հայտարարություն չէին էլ կարող անել: Արդյունքն ավելի շատ հետեւանք դարձավ ադրբեջանցիների համար. փորձում էին շոու սարքել, բայց այն, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի կարծիքով, շատ լավ տապալվեց:


Ռուսաստանի դիրքորոշումը թե՛ Հայաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ, թե՛ Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված, հայտնի են եւ պարբերաբար վերահաստատվում են ե՛ւ բարձր մակարդակով, ե՛ւ բարձրագույն մակարդակով, ե՛ւ մեր այլ գործընկերների, այդ թվում՝ խորհրդարանական գործընկերների մակարդակով՝ եզրափակեց մեր եկրի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը:

Back to top button