ԿարևորՀասարակություն

Ինչու է ջրամատակարարման քաոս ստեղծվել տարբեր շրջաններում

Ինչու է խաթարվել ջրամատակարարումը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ու Արարատի մարզի որոշ շրջաններում` սաստիկ շոգի պայմաններում հարուցելով բնակիչների վրդովմունքը:

Վերջիններս դժգոհում են նաեւ, որ «Վեոլիա ջրի» հետ կապվել չի հաջողվում` պարզելու իրավիճակի պատճառները. 1-85 հեռախոսահամարով կամ չեն պատասխանում, կամ պատասխանը մեկն է` վթար է: Որոնք են ստեղծված իրավիճակի պատճառները. «Ռադիոուրը» գնացել է խնդրի հետքերով:

Երեւանն ու ոչ միայն Երեւանը ահազանգում են` 40 աստիճան շոգին ջրանջատումները տարբեր շրջաններում գրեթե քաոսային վիճակ են ստեղծել: Աննա Վարդանյանը Արշակունյաց 39/9-ի բնակիչ է: «Արդեն մեկ շաբաթ է` օրը 24 ժամ ջուր չունենք կամ ունենում ենք 2-3 ժամով, այն էլ` կաթիլ-կաթիլ»,-իր դժգոհությունն է փոխանցում «Ռադիոլուրի» զրուցակիցը:

«Այս ընթացքում տեսնել է պետք ջրի գույնը` նարնջագույն, կեղտոտ ջուր: Չես էլ հասցնում ջուր վերցնել, արդեն կտրվում է»:


Մուրացան փողոցի 109 շենքում նույն վիճակն է: Օրվա ընթացքում ջուրն ընդհանրապես կտրվում է, երեկոյան տալիս են`բայց կաթիլ-կաթիլ, անգամ տաք ջուրը չի միանում`Էրեբունի վարչական շրջանի բնակիչների անունից էլ իր դժգոհությունն է փոխանցում մյուս զրուցակիցս: 8-րդ օրն է` այս վիճակն է` ասում է Սուսաննա Պետրոսյանը:

«Մի սարսափելի վիճակ է: Արդեն 8-րդ օրն է` այս վիճակն է մեր տանը: Անհնար է այս պայմաններում այս շոգին ապրել»:

Արտաշատում էլ 15-20 օր է` ջրի խնդիր կա: Վերջին օրերին վիճակը քիչ թե շատ կարգավորվել է, բայց միայն բազմաբնակարան շենքերում` պատմում է նույն քաղաքի բնակիչ Անահիտ Ավետիսյանը: Նույն վիճակն է Խանջյան, Նալբանդյան փողոցներում ու ոչ միայն: Արտաշետի քաղաքապետը պարզաբանել է` ինքն իրավասու չէ այս հարցում ու «Վեոլիա ջրին» է մատնանշել:

«Այս շոգին առանց ջրի թողնելը առնվազն հանցագործություն է: Պաշտոնական պարզաբանում չկա` ինչու է այս վիճակը: Բազմաբնակարաններում մի կերպ տալիս են, բայց ողջ քաղաքում խնդիր է»:


Տասնյակ հազարավոր մարդիկ, այո, այսօր ջրազրկված են` հաստատում են հանրապետության միասնական ջրամատակարար ընկերությունից ու մատնանշում պատճառները: Արարատյան պոմպակայանում վթարի հետեւանքով խաթարվել է խորքային հորերից պոմպերի միջոցով Երեւանին ջրի մատակարարումը` «Ռադիոլուրին» փոխանցում է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: Վթարը խոշոր է, վթարի վերացման աշխատանքները` խիստ ծանր: Ընդունում են` մարդկանց 40 աստիճան շոգին  չափազանց անհարմար է առանց ջրի մնալը, բայց եւ փորձում բացատրել.

«3 օր է` մեր աշխատակիցներն այնտեղ աշխատում են գիշեր-ցերեկ` վթարը շուտափույտ վերացնելու ու առաջիկա օրերին ջրամատակարարման ռեժիմը վերականգնելու համար»:


Ինչու է խաթարվել ջրամատակարարումը նաեւ մայրաքաղաքի այն շրջաններում, որոնք ջուր չեն ստանում Արարատյան պոմպակայանից: Մուրադ Սարգսյանը բացատրում է` քաղաքում այս օրերին ջրի վերաբաշխում է իրականացվում. Արարատյան դաշտավայրից ջուր ստացող Էրեբունին, Շենգավիթը լիովին առանց ջրի չթողնելու համար մյուս թաղամասերի ջրի որոշքանակ էլ այստեղ է ուղղվում, դրանից էլ պակասում է այլ թաղամասերի ջուրը: Աննախադեպ շոգերին ջրի սպառումն էլ է ավելացել, ուստի ջրամատակարարման գրաֆիկն էլ որոշ տեղերում չի հաջողվում ապահովել:

«Ծանր վթար է, բայց հավատացնում եմ` ամեն ինչ արվում է: Սա զուտ տեխնիկական խնդիր է»:

Տեխնիկական պատճառների կողքին`  Երեւանում հակված են կարծել, որ «Ջրաշխարհն» է ողջ ջուրը խլում: Իսկ Արտաշատում ջրի սակավությությունը բնակիչները կապում են ժամանակին բարձրաստիճան պաշտոնյաների հետ. Խմելու ջրով իրենց հողամասերն են ոռոգում` արտաշատցիների անունից ասում է նույն քաղաքի բնակիչ Անահիտ Ավետիսյանը: Վեոլիա ջրի խոսնակը շեշտում է` Ջրաշխարհն իր առանձին գիծն ունի, իսկ «Վեոլիա ջրից» շատ քիչ ջուր է ստանում: Իսկ արտաշատցիների հայտարարությանը Մուրադ Սարգսյանը զարմանքով է արձագանքում, բայց եւ պատրաստակամությամբ` թող անուններ տան, զբաղվենք:

Back to top button