Հասարակություն

Ամուլսարի հանքը փակել, թե շահագործել


Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների գործողություններից դժգոհում են «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները: Ընկերությունն արդեն 2 շաբաթ է դադարեցրել է գործունեությունը և յուրաքանչյուր օր կրում է խոշոր վնասներ, նշում է ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը:

Չկա որևէ իրավական ռեժիմ, որը կստիպի ընկերությունը դադարեցնել գործունեությունը, ասել է նա: Իսկ բնապահպան Հակոբ Սանասարյանը “Ռադիոլուր”-ին ասել է, որ բնակչությունը պայքարում է ապրելու իր իրավունքի համար: 

 

Ամուլսարի հանքի շահագործման դեմ օրեր շարունակ պայքարող ջերմուկցիների դեմ էլ բողոքում են «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կառույցի ղեկավար կազմը: Խախտվել է ընկերության ազատ գործունեություն իրականացնելու իրավունքը, 1500 աշխատակից չի կարողանում կատարել աշխատանքային պարտավորությունները, նշեց ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը: Դժգոհեց ոստիկանության աշխատանքից՝ ճանապարհները բացելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում:

“Ցուցարաների գործողություններում կա քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմի բոլոր հատկանիշները: Այս անձանց նկատմամբ իրականացվի գործողություններ, որ բացվեն ճանապարհները: Յուրաքանչյուր օր կրում է խոշոր չափի վնասներ”:

Երեկ ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկանում կառավարության շենքի դիմաց: Ճանապարհները փակող քաղաքացիներին աշխատակիցները հիշեցրին վարչապետի կոչը՝ հնարավորություն տալ Ամուլսարում իրականացնել շինարարական աշխատանքներ: Ընկերության իրավախորհրդատուի խոսքով՝ պատրաստ են հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների շրջանակում առաջինն ընդունել ստուգող հանձնախմբին: Անընդհատ բարձրաձայնվում է բնապահպանական ռիսկերի հարցը, սակայն չկա առարկայական խոսակցություն, թե որոնք են դրանք՝ ասում է Արմեն Մելքումյանն ու հավելում՝ սին հայտարարություններ են:
“Նպատակն է ընկերության անվան վարկաբեկումը”:

ԱՄՆ-ում բնակվող ինժեներ Հարություն Բրոնոզյանի պատվերով “Լիդիան Արմենիայի” փաստաթղթերի հիման վրա անկախ հետազոտություն կատարած միջազգային փորձագետներն այցելել են Ամուլսար: Մինչ այցելությունը միջազգային նրանց եզրակացությունը բացասական էր: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նախագիծը լուրջ ռիսկեր է պարունակում, ասել են արտասահմանյան հյուրերը: Սակայն օրեր անց եզրակացությունը փոխվել է: “Լիդիան ինթերնեյշնլ” ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը մեկնաբանում է:


“Դա նորմալ երևույթ է: Ներկայացված փաստաթղթղերը միջազգային աուդիտներ են անցել: Էդ մարդիկ, օրինակ, կարդալուց բաց էին թողել, որ խողովակաշարեր ենք դնելու
Մինչև բնապահպանական որոշակի խմբեր կամ փաստահավաք խումբը ավարտի իր աշխատանքները, չկա որևէ իրավական ռեժիմ, որն ընկերությանը կստիպի դադարեցնել գործունեությունը, հայտարարեց ընկերության իրավախորհրդականը”:

“Մենք այսօր չունենք հակառակ կողմի ցանկությունը: Սա կարծիք է, ես գտնում եմ, որ այդ հանքը պետք է չշահագործվի և վերջ: Սա ռադիկալ մոտեցում է, որը իրավական պետությունում անընդունելի է: Եկե՛ք բնապահպաններ երկխոսենք: Մենք ապացուցենք մեր տեսակետը, դուք ապացուցեք ձերը”:

“Լիդիան ինթերնեյշնլ” ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանն էլ ավելացրեց՝ եթե ընկերությունն իմանա, որ բնապահպանական ռիսկ կա, և այն կառավարելի չէ, օր առաջ կդադարեցնի աշխատանքը:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը “Ռադիոլուր”-ի հետ զրույցում նկատեց, որ “Լիդիան Արմենիա” ընկերությունը և Հայաստանի նախկին կառավարությունը կազմել են պետության հիմքերը քայքայող , Հայաստանի զգալի տարածքներն ամայի դարձնող նախագիծ: Ամուլսարի շահագործմամբ կորցնելու ենք շրջակայքի հողային ու ջրային ռեսուրսները: Ջրերն աղտոտվելու են ծանր մետաղներով ՝ ասում է բնապահպանը:

“Ծանր մետաղներն էլ խթանելու են բազմապիսի հիվանդությունների, ծնելիության ֆունկցիաների խախտման”:

Ծանր մետաղներով հագեցած ջրերն էլ իրենց հերթին լցվելու են Կեչուտի ջրամբար, այնտեղից էլ՝ Սևանա լիճ, ավելացրեց բնապահպանը: “Լիդիան Արմենիա” -ն , ըստ նրա, մինչև 2016 թվականը կոծկել է վնասները : 2016- ին ընկերությունը շրջանառության մեջ է դրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատաման նոր տարբերակը, որտեղ գրված է, որ հանքավայրի շահագործման դեպքում ծանր մետաղներով աղտոտվելու են աղբյուրները, ընդերքի և գետերի ջրերը, վնասվելու է կենդանական աշխարհը: Սակայն եզրակացության մեջ գրվել է, որ ՀՀ տնտեսությանը 0-ական վնաս է կրելու:

Ընկերության ներկայացուցիչները վերջում հավելեցին, որ այս ամենի հանգուցալուծումը լինելու է իրավական դաշտում:

Ցուցադրել ավելի
Back to top button