Հասարակություն

Ինչպես են գանձաքարցիները հոգում իրենց ապրուստը


Վերջին ֆիլմը՝ ի դեպ հնդկական, Գանձաքարի կինոթատրոնում 30 տարի առաջ են դիտել: Ժամանակին համայնքի ամենաակտիվ  հոգևոր մշակութային օջախն այսօր կիսաավերակ վիճակում է: Այն վերականգնելու համար բնակիչներն անգամ ինչ- ինչ հնարամիտ միջոցների են դիմում, առայժմ ապարդյուն:

Այդուհանդերձ, պետք է ասել, որ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ամենամեծ խնդիրն այսօր կինոթատրոնը չէ, այլ աշխատատեղերի բացակայությունը: Գյուղը նպաստավոր է անասնապահության համար, սակայն նպաստավոր ասվածն էլ խիստ հարաբերական է:

Գանձաքարի խնդիրների մասին Ալիսա Գևորգյանի ռեպորտաժում, որը նա պատրաստել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տավուշի մարզի Գանձաքար համայնքն ունի 3860 բնակիչ, որից՝ 180-ն աշխատում է  պետական համակարգում, Իջևանի մի քանի մասնավոր ընկերություններում, մյուսների հիմնական զբաղմունքն, ըստ համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանի,  շարունակում է մնալ անասնապահությունը, ինչպես խորհրդային տարիներին:

Գյուղն անասնապահության համար նպաստավոր է, շուրջ 800 հեկտար խոտհարք ունի: ժամանակին տնտեսական զարգացման ծրագիր են մշակել՝ հիմքում ունենալով տոհմային կաթնատու անասնապահությունն ու կաթի վերամշակումը:

Ըստ համայնքի ղեկավարի, ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել պետության, համայնքի բնակիչների ու մասնավոր ներդրողի համատեղ ջանքերով:

Ծրագիրը ինչ ինչ պատճառնեչով չի արժանացել նախկին կառավարության հավանությանը, մտադիր են ներկայացնել նոր կառավարությանը:

Մինչ խնդրի լուծումը աշխատանք փնտրող գանձաքարցիներն  իրենց ապրուստը կշարունակեն հոգալ արտագնա աշխատանքի միջոցով: Ցավալին այն է, որ երիտասարդների հայացքն արդեն դրսին է ուղղված:

Գանձաքարի բնակիչ Սարոն միայն վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Ուզում է գյուղում մնալ, բայց ինչպես, աշխատանք չկա ասում է:

Գյուղամիջի խանութում աչքի է զարնում չափազանց համեստ տեսականին:  Ինչու է խանութն այսքան դատարկ, հարցիս վաճառողն ու կարծես միայն շփման նպատակով խանութում հայտնված գյուղացիներն արձագանքում են:

«Դատարկա, որովհետեւ առեւտուր անող չկա: Էսօր երկու կիլո միս եմ առել, այն էլ նիսյա»:

Դպրոցի ուսմասվար Լիլիա Խալաթյանն էլ խոսեց Գանձաքարի խնդիրներից:

Կուտակված խնդիրները լուծելու համար գանձաքարցիները փորձում են նաև իրենց երևակայությունն ու հնարամտությունն օգտագործել, օրինակ բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ կիսավեր կինոթատրոնը վերանորոգելու ակնկալիքով ծագումով տավուշցի մեծահարուստներից մեկին խոստացել են, որ կինոթատրոնը նրա մայրիկի անունով կկոչեն, բայց նախաձեռնությունը, կարծեք, հավանության չի  արժանացել:

Այսօր կինոթատրոնից միայն կիսախարխուլ  պատերն են մնացել, իսկ մեր զրուցակիցը վերջին ֆիլմն այստեղ դիտել է 30 տարի առաջ: «Հնդկական ֆիլմ էր, սիրո մասին, ես էլ ջահել, սիրահարված տղա, մինչև հիմա հիշում եմ ֆիլմի բոլոր տեսարանները»,-իր 30 տարվա ապրումները մեզ հետ կիսեց Գանձաքարի ռոմանտիկ բնակիչը:

Back to top button