Հասարակություն

Ստամբուլում թուրքերենով լույս է տեսել հայ գիտնականի` Ցեղասպանության մասին գիրքը

Ստամբուլում «Փենջերե» հրատարակչությունը թուրքերենով լույս է ընծայել հայ թուրքագետ, պ.գ.թ., Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող, ՀՀ Հանրային ռադիոյի թուրքերեն հաղորդումների խմբագիր Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.)» մենագրությունը, որը նվիրված է երիտթուրքերի դատական գործընթացներում արծարծված Հայոց ցեղասպանության խնդրին: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:

Աղբյուրի համաձայն` գիրքը հայերենից թուրքերեն է թարգմանել նույն կենտրոնի պոլսահայ աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: Այն շուտով վաճառքի կդրվի Թուրքիայի գրախանութներում և կտարածվի թուրքական գրադարաններում:

Մենագրությունն առաջին անգամ տպագրվել էր հայերենով, Երևանում, 2013 թ.: Այն հրատարակել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: 2017 թ. Մեծի Տանն Կիլիկիո` Անթիլիասի մայրավանքի տպարանը նույն գիրքը լույս էր ընծայել անգլերենով:

Մենագրության մեջ, հիմնվելով բազմաթիվ օսմանյան և թուրքական աղբյուրների վրա, մանրամասն վերլուծության է ենթարկվում քաղաքական մթնոլորտը Թուրքիայում Առաջին աշխարհամարտին հաջորդած ամիսներին, հայերի տեղահանության և կոտորածների թեմայի արծարծումը օսմանյան մամուլում և երկպալատ խորհրդարանում, երիտթուրքերի 1919-1920 թթ․ դատավարությունները և հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով Օսմանյան պետությունում 1919-1921 թթ․հարուցված դատական գործերը, որոնք քննվել են թուրքական ռազմական դատարանում: Երրորդ գլխում քննության են առնվում քաղաքական զարգացումները Թուրքիայում 1923-1926թթ.: Հեղինակը ներկայացնում է ազգայնական պայքարում էական դերակատարում ունեցած երիտթուրքերի` Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո ընդդիմության ճակատում հայտնվելու պատճառները և հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալի դեմ ծրագրված Իզմիրի մահափորձը: Երրորդ գլխում ուսումնասիրվում են նաև 1926թ. Թուրքիայի Հանրապետության Անկախության դատարաններում քննված Իզմիրի մահափորձի և Անկարայի կամ «Սև ավազակախմբի» դատական գործերը: Գլխի վերջում հեղինակի կողմից համեմատություն է անցկացվում երիտթուրքերի 1919-1921թթ. և 1926թ. դատավարությունների միջև, և ընդգծվում Թուրքիայի Հանրապետության քաղաքական կյանքում, գաղափարախոսության և պետական կառավարման մեջ իթթիհադական ավանդույթի պահպանման փաստը:

Back to top button