ԿարևորՀասարակություն

Մեկնարկեց ամառային զորակոչը

Ամառային զորակոչի մեկնարկն Արմավիրում այս անգամ տրվել է ոչ թե Սարդարապատից, այլ Արմավիր քաղաքի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից:

Բացի հարազատներից  նորակոչիներին բանակ ճանապարհելու էին եկել նաև քառօրյա պատերազմի հերոսների մայրերը, որոնք  կոչ են արել ծառայել այն հայրենիքին, որի համար արյամբ են վճարել իրենց որդիները:

Արմավիրի թեմի առաջնորդը նորակոչիկներին բաժանել է օրհնված խաչեր և աղոթագրքեր:

Կիրակնօրյա պատարագին հավաքված հավատացյալներն անակնկալի եկան փողային նվագախմբի հնչյուններից: Բակը սովորականից մարդաշատ էր և հավաքվածները բանակ էին ճանապարհում նորակոչիկներին:

Մտնելով աստծո տաճար ծնողներն ու որդիները մեկական մոմ վառեցին երկրի խաղաղության, ևս մեկը անփորձանք ծառայության ու վերադարձի համար: Նրանք լուռ աղոթում էին:


Վերջին տարիներին Արավիրի մարզում ամառային և ձմեռային զորակոչերի մեկնարկը տրվում էր Սարդարապատից, այս անգամ եկեղեցուց: Խորհուրդն իր բացատրությունն ունի՝ աշխարհում առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը: Այս միտքն արտահայտեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրրիջանյանը, ով մեկական մոմ էլ վառեց  իր  դստրիկի հետ: Մարզպետն ասաց, որ իրենք թիկունքում ամեն ինչ անելու են զինվորի լավ  ծառայության համար:


Երկրի խաղաղության և զինվորի խաղաղ ծառայության արժեքն ավելի լավ  լավ գիտեն որդեկորույս  մայրերը, որոնց հոգում կսկիծ է ու ցավ, ովքեր որդի են կորցրել հայրենիքի պաշտպանության ժամանակ:


Զորակոչից խուսափողներ գրեթե չկան, նրանք ովքեր գտնվել են արտերկրում կամովին վերադառնում են և մեկնում բանակ: Դավիթը Մեծամորի բնակիչ է, սակայն 3 տարեկանից ապրում է Ուկրաինայում, եկել է հայրենիքին ծառայելու. ,, Ես եկել եմ ծառայելոի իմ հայրենիքին, չեմ ուզել ծառայել օտար երկրում,,: Դավթի մայրն ասաց, որ 15 տարի ապրելով Ուկրաինայում նա միշտ հոգով-սրտով կապված է եղել Հայաստանի հետ:

Արմավիրի զինկոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանը նշեց, որ կցագրման ժամանակ հայտնաբերվում են առողջական տարբեր խմնդիրներ ունեցող  տղաներ, որոնք կբուժվեն զինվորական հոսպիտալում և ապաքինվելուց հետո կզորակոչվեն: Նոր ձևաչափի ներդրմամբ, ելնելով առողջական խնդիրներից,  տղաները մարտական հերթապահություն չեն կատարի:


Եկեղեցում նորակոչիկներին բաժանեցին աղոթագրքեր և օրհնված խաչեր: Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը օրհնության խոսք ու աղոթք բարձրացրեց մեր հայրենիքի, բանակի ու նորակոչիկների համար:

Զորակոչի ավտոբուսները սպասում էին, եկել էր հրաժեշտի պահը: Նորակոչիկներին խորհուրդներ էին տալիս ավագ եղբայրներն ու ընկերները:


Ավտոբուսները մեկնեցին զինվորական հավաքակայան, հավաքվածները տեսնելով ամենաբարձրահասակ տղային, ձայնեցին՝ բոյով ջան, դիրքերում գլուխդ ցածր կպահես:

Back to top button