ԿարևորՀասարակություն

Քննիչների կալանավորման 10- ը պահանջից 9- ը դատարանը բավարարում է, դատախազությունն այլընտրանք է փնտրում

Տարիներ շարունակ Հայաստանում կալանքի համատարած կիրառման մասին ամենից հաճախ ու ամենաշատը  խոսել են փաստաբանները, ահազանգել այդ  պրակտիկայի վտանգների մասին: Հիմա իրավիճակի լուծում առաջարկում է դատախազությունը: Մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի նպատակը  կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերի հստակեցումն է: Դատախազությունն  առաջարկում է կալանքի այլընտրանքային միջոցներ՝ տնային կալանք, վարչական վերահսկողություն:

 

Դատական վիճակագրության մեջ կա այսպիսի տվյալ՝  կալանքի միջնորդությունների 90 տոկոսը դատարաններում  բավարարվում է: Սա նշանակում է, որ  մեղադրյալին կալանավորելու  քննիչների 10 պահանջից 9-ը  հիմնավոր է համարվում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը   որոշել է   ուսումնասիրել  միջազգային պրակտիկան և  հասկանալ՝ կալանքների կիրառման հայաստանյան  իրավիճակն իսկապես  անհանգստացնող է:

ՄԻՊ-ի հարցմանը պատասխանելով՝  արդարադատություն նախարարությունից նախ փոխանցել են.  2018-ի հունվարի դրությամբ Հայաստանում դատապարտյալների ու կալանավորվածների ընդհանուր թիվը 3549 է,  կալանավորվածները նրանցից  1326-ն են:

Ուշագրավ է, որ փաստաբանների, քաղհասարակության, փաստորեն նաև ՄԻՊ-ի  մտահոգություններին որոշել է լուծումներ առաջարկել դատախազությունը: Հենց այս կառույցն է մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի նպատակը  կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերի հստակեցումն է, այլընտրանքների առաջարկումը:

Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները վիճակագրություն չեն ներկայացրել, բայց ըստ էության համաձայնել են  այն մտահոգություններին, որոնք տարիներ շարունակ հնչել են:

Դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասրայանը օրենսդրական փոփոխությունները մշակած աշխատանքային խմբի ղեկավարն է: Ասում է՝ գործող օրենսդրությունը կալանավորման ռեալ այլընտրանքներ չի նախատեսում: Նախագիծը երկու նոր տարբերակ  է առաջարկում՝ տնային կալանք և վարչական վերահսկողություն:

Հեղինակները կարծում են, որ  այլընտրանքները կարող են փոխել կալանքի կիրառման վիճակագրությունը: Դրան կնպաստի նաև այն, որ  առաջարկում են հստակեցնել կալանքի հիմքերի գնահատման չափանիշերը: Նախագծով  տարբերակված մոտեցումներ են առաջարկվում ոչ մեծ ու միջին ծանրության և ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Արդյո՞ք կալանք կիրառելու մեծ  հակումը պայմանավորված էր միայն օրենսդրական խնդիրներով: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի կարծում, որ պատճառը միայն օրենսդրությունն է, բայց ասում է այն նույնպես մեղքի իր բաժինն ունի:

Դրա համար ավելի շատ այլընտրանքներ ունենալու  կողմ են, կարծում են, որ դրանք դատավորին ընտրելու և ավելի ազատ գործելու  հնարավորություն կտան: Արման Թաթոյանը, սակայն, համոզված չէ, որ խնդիրները միայն օրենսդրական բացերում են:

Ի դեպ, դատախազության առաջարկած օրենսդրական փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել: Հեղինակներն ասում են՝ սպասում են շահագրգիռ բոլոր կողմերի կառուցողական առաջարկներին:

Ցուցադրել ավելի
Back to top button