Տնտեսական

Էլ.էներգեիայի սակագների նվազեցման շուրջ ուսումնասիրությունները շարունակվում են

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը որակյալ ու բավարար ծառայություններ է մատակարարում՝ այսօր էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների հետ  հրավիրված քննարկումից առաջ հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Էլեկտրաէներգիայի ու գազի սակագների նվազեցման հետ կապված  նորություններ չկան: Հարցերին պաշտոնական պատասխանը նույնն է՝ կհայտարարեն, երբ կավարտեն ուսումնասիրությունները:

 

Առանց լուրջ հաշվարկների էլ հնարավորություն կա 4-5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ կարծում է էներգետիկ անկախ փորձագետ, ոլորտի երկարամյա աշխատող Էդուարդ Արզումանյանը: Նա նաև իր հայտարարության, այսպես ասենք,  հիմքերն է մատնանշում.  2016թ.- ին կորուստները կազմել են մոտ 13, իսկ այս տարվա առաջին եռամսակում՝ մոտ 9 տոկոս:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 մլն դոլարի վարկի մարումը կներառվի սակագնի մեջ։ Որոշումը ՀԾԿՀ-ինն է:

Հանձնաժողովի  զարգացման ու մոնիտորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանի խոսքով՝ «ընկերություններում ցանկացած լրացուցիչ ծախս իր ազդեցությունները դեպի բարձրացում է տանում, սակայն ներդրման արդյունքները, որոնք բերում են հզորության մեծացման, բերում է իջեցում»:

Եթե վարկը չվերցվի՝ կվտանգվի ատոմակայանը, իսկ սա արդեն վտանգավոր է՝ պնդում է Աղինյանը։ «Այլընտրանքը նա է, որ մենք ատոմակայան չունենանք: Նրան կփոխարինեն մեր այսօրվա ջերմային կայանները, որոնց սակագները անհամեմատելի բարձր են»:

Ատոմակայանում փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինն առանց ԱԱՀ-ի մոտ 9 դրամ է՝ ասում է  ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: Նա դժվարանում է ասել, թե ներդրումներից հետո որքան կկազմի էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն պնդում է՝ հետ բերելու համար կգնան բարձրացման, բայց միայն 2020թ հետո, երբ սկսեն վարկը մարել:

Որքա՞ ն է հնարավոր երկարացնել ատոմակայանի գործարկումը՝ հարցնում եմ «Հայատոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանին։ Նա միջազգային փորձն է  մատնանշում՝ Ռուսաստանում, Հունգարիայում ու Ուկրաինայում ատոմակայանների   շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 30 տարի:

Չնայած սակագները ձևավորվում են ՀԾԿՀ- ում, որն անկախ մարմին է, այդուհանդերձ, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պնդում է, որ սակագինը չի բարձրանա, քանի որ ռիսկերը հաշվարկել են։

Էլեկտրաէներգիայի ու գազի սակագների նվազեցման հետ կապված նորություններ այս պահին չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button