Հասարակություն

Արմավիրի մարզի  հատուկ դպրոցները դեռ կշարունակեն գործել հին կարգավիճակով


Հատուկ դպրոցների վերակազմակերպման խնդիրը շարունակում է մտահոգել  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների ծնողներին և հատուկ դպրոցների աշխատակիցներին:  Խնդրի  լուծման վերաբերյալ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպել է  նրանց  հետ և տեղեկացրել  գործընթացի ժամանակվոր դադարեցման մասին:

Նոր ուսումնական տարում համընդհանուր ներառական կրթության անցնելու կապակցությամբ հատուկ դպրոցները վերակազմակերպվելու էին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:

Արմավիրի մարզպետարանի դահլիճում Արմավիրի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցների երեխաներն էին,  նրանց ծնողներն ու  մանկավարժները: Չնայած շոգին նրանք անհանգիստ շարժումներ չէին անում և լուռ սպասում էին մարզպետին, ինչը չէր կարելի ասել մյուս հանդիպումների ժամանակ, երբ դահլիճում համայնքապետերն են կամ դպրոցների տնօրենները: Մարզի հատուկ դպրոցների երեխաներն այժմ արձակուրդում են և գտնվում են տանը, իսկ  նախատեսվածի համաձայն, սեպտեմբերի 1-ից  պետք է հաճախեն ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներ: Երեխաների ծնողները գտնում են, որ մտավոր և ֆիզիկական ծանր խնդիրներ ունեցող երեխաները չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցներում, և նշում են, որ անցումը պետք է աստիճանաբար լինի:


Զեմֆիրան նշում է, որ տարիներ շարունակ  իր 14-ամյա  աղջկա վարքն անկառավարելի է եղել, և հատուկ դպրոցում մասնագիտական թիմի աշխատանքը տեսանելի  արդյունք է գրանցել:  Նկատելով  վարքագծային, խոսքի դրական տեղաշարժը մայրն  անհանգստացած է ներառական կրթության դեպքում դրանք կորցնելուց:

Մտավոր ծանր  կարողություն ունեցող երեխաներ նույնպես կան, որոնց նկատմամբ առավել ուշադրություն են ցուցաբերում դաստիարակները, հոգեբաններն ու սոցիալական-հատուկ մանկավարժները: Մուժեղ Հակոբյանը 2 տղաներին միայնակ է մեծացնում, Սասունին պահելը մեծ ջանք և հմտություն է պահանջում:

,,Դպրոցում հատուկ հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում երեխային, հատուկ սնունդ են տալիս, որպեսզի արյան մեջ սպիտակուցները չշատանան,,:

Փակվելու դեպքում Սասունի հայրն ասաց, որ նստելու է տանն ու որդուն խնամի, խոսք չունեցող տղան չի կարող ներառվել հանրակրթական դպրոցում: Այս կարծիքին է նաև Արմավիրի թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակ-խմբավար Նարինե Մանուկյանը

,,Եթե այս երեխաները ներառվեն ներառական կրթության մեջ, միանշանակ ներառական կրթությանը պատրաստ չեն հանրակրթական դպրոցի և ոչ մի ուսուցիչ,,:   Պատճառաբանությունը հիմքեր ունի:  Մարզի 111 դպրոցից 51-ում  է իրականացվում ներառական կրթություն, որտեղ հիմնականում ներառված են հուզակամային խնդիրներ ունեցող երեխաները: Հանրակրթական դպրոցներում  մասնագետների մի մասն է վերապատրաստված, նրանք չեն կարող աշխատել  հատուկ դպրոցների երեխաների հետ:

Հատուկ դպրոցները տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպմամբ մտահոգված են նաև ուսուցիչները, հատկապես նրանք, ովքեր ունեն միջնակարգ-մասնագիտական մանկավարժական կրթություն:


Արմավիրի մարզի հատուկ դպրոցների բարձրացրած խնդիրները խորքային ուսումնասիրելու և  լուծում տալու նպատակով  մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ  անորոշ ժամանակով  հետաձգվել է գործընթացը, որպեսզի կարողնան հասկանալ մարզի կրթական համակարգը  որքանով են պատրաստ դրան. ,,Այս փուլում ես վստահ եմ, որ մենք պատրաստ չենք: Դրա համար եմ ես  խնդրել  իմ վերադաս մարմնին, որպեսզի այդ գործընթացն այս պահի դրությամբ դադարեցվի,,:

Արմավիրի թիվ 1 հատուկ գիշերօթիկ դպրոցը խորհրդային տարիներին ունեցել է տիպային մեծ կառույց, որը տրվել է  ռազմամարզական վարժարանին, իսկ հատուկ դպրոցը  տեղակայվել  մանկապարտեզի շենքում:  Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցը տիպային կառույց է՝ բոլոր հարմարություններով: Երկու դպրոցում սովորում է 174 երեխա:

Back to top button