Հասարակություն

Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից. «Դինգո Թիմ»

Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, խնդրիի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը նաեւ հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը եւ նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը:

Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պատկան մարմիններ: Մամուլում տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը եւ նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը:

Նշենք, որ դեռ 1 շաբաթ առաջ որեւէ պետական մարմնից (Էջմիածնի քաղաքապետարան, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ Ոստիկանություն) հնարավոր չեղավ ստանալ պաշտոնական տեղեկություն կենդանիների որպիսության մասին, սակայն ներքին կապերով իմացանք, որ շներին շարունակում է խնամել նրանց մշտական խնամողը եւ Մանվելի ընտանիքը կենդանիներից չի հրաժարվում, հետեւաբար մենք որեւէ քայլ չձեռնարկեցինք:

Սակայն երեկ լրատվությամբ տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ կենդանիները ոռնում են սովից:

Կրկին անգամ որեւէ պետական մարմնից հնարավոր չեղավ ստանալ որեւէ հստակ ինֆորմացիա այդ մասին:

Ստիպված ենք դիմել ընդհանուր բաց նամակով, քանի որ բոլոր պետական մարմինները մեկը մեկի վրա են փոխանցում խնդիրը եւ այն մնում է անլուծելի, ինչպես նաեւ խնդրել հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ տրամադրել տեղեկատվություն կենդանիների որպիսության մասին:

Քանի որ ՀՀ օրենքով շունը համարվում է գույք, մենք չունենք իրավունք առանց թույլտվության մտնել Մանվելի տուն եւ կենդանիների նկատմամբ կատարել որեւէ գործողություն: Հետեւաբար խնդրում ենք թույլտվություն՝ կենդանիների խնամքը եւ հետագա որդեգրումը մեզ վրա վերցնելու համար:

Խնդրում ենք արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ ամեն օրը հաշիվ է, եթե կենդանիներն իսկապես մնացել են սոված եւ ծարավ»:

Back to top button