Քաղաքական

Արմեն Աշոտյանը դիմելու է Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին՝ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու հարցով

ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ-ի և գերմանական ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող Rheinmetall ընկերության միջև կնքված համաձայնագրին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օրերս գերմանական, իսկ հետո ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։

Տվյալ ընկերությունը հանդիսանում է ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող։

Կարծում եմ, որ նման գործարքը, եթե կյանքի կոչվի, խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար։

Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը։

Ընթացքի մասին կտեղեկացնեմ»։

Back to top button