Հասարակություն

Ղարաբաղյան պատերազմում 1000- ից ավելի ազատամարտիկ է անհետ կորել

Հայաստանում եւ Արցախում այսօր պաշտոնապես նշվում է անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Արցախյան պատերազմի ժամանակ հենց այս օրն են կորել Արաբո ջոկատի մեծաթիվ զինվորներ: Այդ տարիներին անհետ կորել է Հայաստանի 400, իսկ ընդհանուր առմամբ՝ 1000-ից ավելի հայ ազատամարտիկ: Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր հիշատակի տուրք են մատուցել ու ծաղկեպսակ դրել հայրենիքի համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակին:

 

«Եռաբլուր» պանթեոնում անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին այցելել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, հկ-ների ներկայացուցիչներ, մարտական ընկերներ:

Ներկաները անդրադարձան արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշեցին կորցրած մարտական ընկերներին և խոնարհվեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի առջև:

Հիշատակի օրը ևս մեկ անգամ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց անձնազոհության, նվիրումի և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին մեր հաղթանակը՝ պաշտպանության նախարարության անունից խոսք ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ համապատասխան հանձնաժողովն այսուհետ լինելու է պաշտպանության նախարարին կից եւ առավել օպերատիվորեն արձագանքելու է բոլոր մտահոգություններին, որոնք կլինեն: Հանձնաժողովը հնարավորություն ունի աշխատելու միայն միջազգային կառույցների հետ, քանի որ Ադրբեջանն իր կողմից անհետ կորածների խնդրով շահագրգռություն չունի՝ դա է այդ երկրի անմարդկային քաղաքականությունը: Հարազատները, սակայն, հույսը չեն կորցնում:

Օրվա խորհուրդը հիշատակն է, մեր շատ ընկերների ճակատագրեր դեռեւս անհայտ են, քանի որ պատերազմն իր մեջ նաեւ նման դաժանություն է պարունակում. Մարտական գործողությունների ժամանակ անհայտ են դառնում ճակատագրեր՝ ասաց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից վստահեցնում են, որ առաջին հերթին փորձ է արվում ուշադիր լինել անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button