Տնտեսական

Գյուղմթերքը արտահանելու համար պետք է փոքր ավիացիա. ինչ է քննարկվել հայ- ռուսական միջտարածաշրջանային համաժողովում

Այսօր Երևանում կայացավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը: Հայաստանի մարզերի ու  Ռուսաստանի շրջանների ղեկավարներն ու ներկայացուցիչները փորձում են հասկանալ առկա խնդիրները որոնք խոչընդոտում են համագործակցության առավել խորացմանը: Համաժողովին ողջույնի խոսքեր են հղել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը։

 

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը այս տարի Երեւանում տեղի է ունենում Մերիդիան կենտրոնում։ Այստեղ Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր մարզերի, նահանգների ու շրջանների ներկայացուցիչներն են, որոնք փորձում են համագործակցության եզրեր գտնել։

Նոր ոլորտներում հայ-ռուսական երկարամյա հարաբերությունները խորացնելու մտադրությունն ուրախացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Այս տարվա առատ բերքի պայմաններում հայկական  մրգերը, պտուղ-բանջարեղենը հնարավորինս արագ Ռուսաստանի մարզեր հասցնելու հարցը կարևորեց, իսկ դրա համար փոքր ինքնաթիռներ ու փոքր օդանավակայաններ են անհրաժեշտ՝ ասաց։ «Ոչ մեծ ինքնաթիռներով չվերթների կազմակերպման առաջարկ է եղել՝ հայաստանյան փոքր օդանավակայանների հետ կապի միջոցով, որը, սակայն, կապի ու տրանսպորտի նախարարության քննարկման դաշտում է»:

Խնդիրն այն է, որ այս տարի ծիրանի մեծաքանակ բերք ունենք ու երբեմն տեխնիկական շատ թեթև խնդիրներ են առաջանում Լարսի անցակետում: Արգելք, սակայն, հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար այսօր չկա՝ վստահեցրեց նախարար Սուրեն Պապիկյանը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին այս համաժողովում ավելի հետաքրքրում են հակակարկտային ռուսական համակարգերը։«Հին մեթոդներով պայքարելն այլևս անարդյունավետ է»:

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին վստահեցնում է՝ Ռուսաստանում հայկական արտադրանքին վստահում են։ «Եթե ընտրության հնարավորություն առաջարկվի՝  կոկա-կոլա,  թե  հյութ Հայաստանից, միանշնակ իհարկե յուրաքանչյուր նորմալ ռուս սպառող կընտրի հայկական հյութը: Վստահություն կա:   Ռուսաստանում հայկական արտադրանքի որակը և տեսականին շատ բարձր է»:

Վլադիմիր Մեդինսկին ասում է , որ Ռուսաստանը մեծ դերակատարում ունի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում: Ամեն տարի այդ ծավալներն ավելանում են: Ընթացիկ տարում 2017 թվականի համեմատ առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով՝ ասաց նախարարը:

«Կայուն զարգանում է տրանսպորտի ոլորտում համագործակցությունը: Ռուսաստանի կառավարությունը կյանքի է կոչում համաձայնագրերը`  Վերին Լարսում ավտոմեքենաների բազմակողմանի անցակետերի օպտիմալացման համար։ Նոյեմբերին կավարտվի աշխատանքը: Անցակետում մեկից չորս են դառնալու երթևեկության գծերը, ինչը կբարելավի բեռնափոխադրումների վիճակը»:

Վլադիմիր Մեդինսկին նաև հայտնեց, որ Ռուսաստանն ավելի քան 250 միլիոն դոլար է ներդրել Հարավկովկասյան երկաթուղում արդիականացնելու համար՝ հատկապես շարժակազմի բարելավման ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button