Հասարակություն

Ամուլսարում ճանապարհ են փակում՝ բողոքելով ճանապարհ փակողների դեմ

Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պայքարը շարունակվում է: Այսօր փակ էր նաև դեպի Ջերմուկ տանող միջպետական մայրուղին: Այս անգամ պայքարողները պայքարողների դեմ էին: Նրանք ցանկանում են, որ հանքավայրի ընդհատված շինարարական աշխատանքները վերսկսվեն: Ավելին, այսօր նաև  նույն տարածաշրջանի մի խումբ  բնակիչների բաց նամակ հղեցին կառավարությանն ու վարչապետին:  

 

Ուղիղ մեկ շաբաթ առաջ ջերմուկցիներն ու հարակից գյուղերի բնակիչները փակեցին դեպի Ամուլսարի հանքավայր գնացող բոլոր ճանապարհները: Այս ընթացքում ճանապարհները բացելու կոչով հանդես եկավ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն տեղացիները շարունակում են փակ պահել ճանապարհները: Երկու օր առաջ Ջերմուկում էր նաև Բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Դեպի հանքավայր գնացող ճանապարհը փակած ջերմուկցիներն այսօր տեսանյութ տարածեցին, որտեղ պատմում էին, որ «Լիդիանի» աշխատակիցները ժողով են անում մայրուղու վրա: «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը, հաստատեց լուրը, ըստ որի՝ իրենց աշխատողների մի մասը միջպետական մայրուղի էր փակել։ «Ընկերությունն ունի 1500 աշխատակից, ովքեր իրականացնում էին իրեն աշխատանքային պարտականությունները»,- ասում է:

Մելքումյանը հստակեցրեց՝ իրենց աշխատողների մի փոքր մասն է միայն փակել ճանապարհը։

Այսօր համացանցում տարածվեց բաց նամակ՝ ուղղված ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ կոչ էին անում  համայնքը չզրկել զարգանալու հնարավորությունից:

Հուլիսի 1-ին Երևանից  ավտոերթ է կազմակերպվելու դեպի Ջերմուկ:

Այսպիսով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմում, իրենց իսկ ձևակերպմամբ, բոլորիս ապագայով մտահոգվող ջերմուկցիներն են, ովքեր դեմ են Ամուլսարի շահագործմանը, մյուս կողմում՝ հարակից համայնքների բնակիչներ, ովքեր հանապազօրյա հացի խնդիր ունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button