Հասարակություն

Չնայած շրջանառվող լուրերի, Արամ Մանուկյանի արձանն այսօր տեղադրվեց

Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող արձանն այսօր տեղադրվեց: Մինչդեռ իրարամերժ կարծիքները շարունակում են։

Երևան քաղաքի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքային համալիրի մոտ Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանն այսօր տեղադրվեց:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արա Մարտիրոսյանը վստահեցրեց՝ գործընթացը սկզբից մինչև վերջ օրենքին համապատասխան է:

Քաղաքաշինության պետական կոմիտեն երեկ հանդես էր եկել առաջարկով, այն է՝ դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:

Կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Բադալյանը նախ հաստակեցրեց՝ կոմիտեն աշխատանք կատարող կամ վերահսկող մարմին չէ, որ որոշում կայացնի դադարեցնել աշխատանքները, իրենք հանդես են եկել առաջարկով: Սխալ ձևակերպումներ են մամուլում հայտնվել՝ ասում է:

Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը նշում է, իր կարծիքը հայտնում է որպես ճարտարապետ, որպես քաղաքացի: Արձանի հետ իր կապն ավարտվել է, հանձնաժողովի անդամ էր, իսկ հանձնաժողովն իր դիրքորոշումն ու որոշումը կայացրել է:

Քաղաքաշինության կոմիտեն որոշման հետ կապ չունի, բայց իր հայտարարության մեջ առաջարկում է ուշադրություն դարձնել խախտված օրենքների վրա:

Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել՝ խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

Արա Մարտիրոսյանն ասում է՝ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանը հուշարձան չէ, հետևաբար «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը չի խախտվել:

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հեղինակները ճարտարապետներ Մկրտիչ Մինասյանն ու չորս տարի առաջ մահացած Ջիմ Թորոսյանն են։ Մկրտիչ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչպես է վերաբերվում իրենց հեղինակած աշխատանքից վրա Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը։ Ճարտարապետների միությունից ասացին՝ արձակուրդում է։ Նրա կարծիքը, ինչպես նաեւ իր հեղինակային իրավունքի մասին մեր հարցի պատասխանը՝ դեռ կլսենք։

Back to top button