Հասարակություն

Հայկական որ կայքերի աշխատանքն է խափանվել ադրբեջանական գրոհից


Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին հայաստանյան մի շարք կայքեր:

Այս մասին լուրի տարածումից հետո փաստը քննարկվում էր սոցցանցում՝ հատկապես կիբեռհամայնքի ներկայացուցիչների շրջանում:

Փորձագետների փոխանցմամբ՝ ադրբեջանական կիբեռհարձակումների հետքերը «Գուգլ» որոնողական համակարգում երեկվա դրությամբ դեռեւս մնում էին:

 

 

Փորձե՞լ եք երեկ օգտվել, օրինակ, ԱԺ-ի պաշտոնական կայքից: ՏՏ անվտանգության փորձագետներն ասում են, որ դա անհնար է եղել՝ ադրբեջանցի հակերների հարձակման պատճառով: ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրենք հայտնում են նաեւ, որ կարողացել են ներխուժել կառավարական Մալբերի համակարգ եւ տեղադրել այնտեղ նկարներ։ Գրեթե բոլոր պետական կառույցներում են սա տեղադրել։ Հուսանք, դա չի նշանակում, որ Մալբերիից չեն կարողացել տանել ներքին շրջանառության փաստաթղթեր»:

Ադրբեջանական հերթական կիբերհարձակման մասին այս տեղեկությունը բավականին քննարկվել է ՖԲ սոցիալական կայքում, այսպես ասենք, կիբեռհամայնքը ներկայացնող եւ այլ օգտատերերի շրջանակներում: Կարծիքները տարբեր են՝ մասնագիտականից մինչեւ պարզ գնահատականներ: Դրանցից մեկ-երկուսը առանձնացնենք.

Ashot Mkhoyan  Հաստատ դավաճանա եղել, թե չէ ինչո՞ւ նոր կոտրեցին:

Armen Sargsyan  ջարդել են ոչ թե իրենց խելացի լինելուց, այլ հասարակ ծակ տեղերի հաշվին. ավելին — պետական շատ կայքեր կան որ պրիմիտիվ ծակ տեղեր ունեն, ու որքանո՞վ գառանտ կա,  չեն մտնի մի շարգ այլ բազաներ: Հուսամ, անկախ ներկայիս և հին կառավարություն կոչվածից, հիմա խելքի կգան ու մասնագետներին տեղ կտան:

Armen Grigoryan — Դե կարաք դուք ջարդեք, մարդիք կարան անում են, մեր մասնագետները ուրիշների սեռվեռներն են սարքում, իսկ մեր սեռվեռները վստահված ա սկզնակ էրեխեքի դրա համար էլ էս օրին ենք: էսի ատկատների կայֆնա, էլի, որ չեն ուզում մի երկու կոպեկ փող ծախսեն:

Գնալով շատանում են ինֆորմացիոն արտահոսքերը եւ Հայաստանում դրա հետ կապված կա մեծ ու լուրջ պրոբլեմ: Մեզ հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մանուկյանը: Վերջին կիբերհարձակման մասին նա չխոսեց: Ասաց, որ ինքը տեսել է միայն դրա արձագանքները:

Փորձագետը հիշեցրեց տարիներ առաջ տեղի ունեցած հարձակումների մասին, որոնցից մեկը կատարվել էր բանկային համակարգի դեմ: Ընդհանրապես, կիբեռհարձակումների դեպքում հատկապես կարեւորվում է տվյալների պաշտպանության խնդիրը: Հենց այս տեսանկյունից խնդրին անդրադարձավ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՏՏ անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի խոսքով՝ կիբեռանվտանգություն ասվածն անվերջ գործընթաց է: Փորձագետը նկատեց, որ կան համակարգեր, որոնք հասանելի են հանրությանը եւ հենց այդ համակարգերն են փորձում ջարդել մեր հակառակորդները:

Սա է պարզ ճշմարտությունը եւ միշտ էլ այդ փորձերը լինելու են աշխարհում, նույնիսկ՝ ամենամեծ պաշտպանվածություն ունեցող երկրներում եւ օրինակներն էլ հայտնի են: Ռուբեն Մուրադյանի փոխանցմամբ՝ կիբերանվտանգության խնդիրները կքննարկվեն նաեւ «Դիջիթեք» ֆորումի շրջանակներում:

Հերթական «Դիջիթեք» բիզնես ֆորումը տեղի կունենա վաղը: Այն կազմակերպվում է 2008 թ.-ից՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից եւ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո: ֆորումի առանցքում բարձր տեխնոլոգիաների ներդրումն է պետական համակարգում, տնտեսության եւ բիզնես տարբեր ճյուղերում:

Back to top button