ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանի եղբոր մոտ եղած զենքը օրինական էր. Օսիպյան

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը մարտի մեկը բացահայտելու քաղաքական կամք ունի, անկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձիք կներգրավվեն՝ այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նաև Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործին է  անդրադարձել: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ խոսել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բերման ենթարկվելու և ազատ արձակվելու հարցին:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան էլ լրագրողներին հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ն խուզարկություն չի արել:

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կրկին ուժային կառույցների աշխատանքն է: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը շարունակում են հասարակության շրջանում  հայտնի անձանց բնակարանների խուզարկություններն ու, որոշների դեպքում, նաև  բերման ենթարկում նրանց: Օրերս Սայաթ Նովա  փողոցից  բերման էր ենթարկվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հայտարարեց.

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական: Մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, բայց այն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և հետևի՝ երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է, և այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, որտեղ ստուգվեցին և՝ այո, այդ զենքերն օրինական էին, հիմա փորձաքրեագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն»:

Այլ օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ ոչ. հարցին ոստիկանապետն արձագանքեց՝

«Այս պահին սահմանափակվենք այսքանով։ Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, որևէ բան լինելու դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, կտեղեկանաք»:

ՀՀ ոստիկանապետը հայտարարեց՝ գործառույթներն իրականացվում են  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներին համապատասխան:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը դեռ հստակ չի կարող ասել՝ կկալանավորե՞ն Մանվել Գրիգորյանի կնոջը, թե՞ ոչ:

«Այս պահին չեմ կարող հստակ ասել, դա կապված է նաև Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից, նախաքննության ընթացքից»:

Հարցին՝ կա՞ն հիմնավոր ապացույցներ նրան մեղադրանք առաջադրելու համար, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Եկեք առաջ չընկնենք, դեռևս նա կասկածյալի կարգավիճակում է, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»:

Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարեց՝ Նազիկ Ամիրյանն  ինքնակամ է ներկայացել իրավապահներին: Հարցին՝ հնարավո՞ր է Մանվել Գրիգորյանի գործը երկամսյա ժամկետում ավարտին հասցնել, ՀՔԾ պետն արձագանքեց.

«Չեմ կարծում, բավականին մեծածավալ գործ է, մեծ ծավալի քննչական գործողություններ կան կատարելու, ու, հավանաբար, երկու ամսում չենք հասցնի»:

ՀՔԾ-ն Մարտի 1-ի հետ կապված տեղեկատվություն կհրապարակի իր պաշտոնական կայքում: Տեղեկատվությունը կլինի այն ծավալով, որը գործի շահերին չի վնասի, չի վնասի անձանց անմեղության կանխավարկածին՝ վստահեցրեց Խաչատրյանը.

«ՀՔԾ-ն այդ գործը բացահայտելու քաղաքական կամք ունի։ Աանկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն տվյալ գործում, այդ անձիք կներգրավվեն»:

Ոստիկանապետն ու Հատուկ քննչական ծառայության պետը լրագրողների հարցին պատասխանում էին կառավարության նիստից առաջ:

Back to top button