Հասարակություն

Կայացավ թուրքագետ Մելինե Անումյանի գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը

Այսօր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ թուրքագետ, Հանրային ռադիոյի թուրքերեն հաղորդումների խմբագիր Մելինե Անումյանի «Ճանաչում և դատապարտում. Երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926թ.)» գրքի անգլերեն հրատարակության շնորհանդեսը:

Գրքի թարգմանիչն է երջանկահիշատակ քաղաքագիտության դոկտոր Արա Գաբրիելյանը, իսկ անգլերեն հրատարակության խմբագիրը` Արևիկ Գաբրիելյանը: Գրքի գրախոսներն են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը:

Մենագրությունը հրատարակել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության` Անթիլիասի տպարանը: Գրքի թարգմանությունը և հրատարակումը հովանավորել է Բեյրութում գործող «Խաչիկ Պապիկեան հրատարակչական հիմնադրամը»:

Գրքի հայերեն տարբերակը տպագրվել էր 2013 թ., Երևանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Մենագրության առաջին գլխում ներկայացվում է քաղաքական մթնոլորտը Օսմանյան կայսրությունում` Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, ինչպես նաև` հայերի տեղահանության և կոտորածների խնդրի քննարկումները օսմանյան մամուլում և երկպալատ խորհրդարանում 1918թ. վերջերին:

Հեղինակն առաջին գլխում անդրադառնում է նաև այն հետաքննություններին, որոնք Հայոց ցեղասպանության պատասխանատուների նկատմամբ իրականացվել են Օսմանյան պետությունում` նշված ժամանակահատվածում:

Երկրորդ գլխում ուսումնասիրվում են 1919-1921թթ. հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով Ստամբուլի Ռազմական արտակարգ ատյաններում քննված դատական գործերը և 1919-1920թթ. երիտթուրքերի դատավարությունները:

Երրորդ գլխում քննության են առնվում քաղաքական զարգացումները Թուրքիայում 1923-1926թթ.: Հեղինակը ներկայացնում է ազգայնական պայքարում էական դերակատարում ունեցած երիտթուրքերի` Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո ընդդիմության ճակատում հայտնվելու պատճառները և հանրապետության նախագահ Մուստաֆա Քեմալի դեմ ծրագրված Իզմիրի մահափորձը:

Երրորդ գլխում ուսումնասիրվում են նաև 1926թ. Թուրքիայի Հանրապետության անկախության դատարաններում քննված Իզմիրի մահափորձի և Անկարայի կամ «Սև ավազակախմբի» դատական գործերը:

Գլխի վերջում հեղինակը համեմատություն է անցկացնում երիտթուրքերի 1919-1921թթ. և 1926թ. դատավարությունների միջև, և ընդգծում իթթիհադական ավանդույթի պահպանման փաստը Թուրքիայի Հանրապետության քաղաքական կյանքում, ինչպես նաև` գաղափարախոսության և պետական կառավարման մեջ:

Շնորհանդեսին ելույթ ունեցան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը, գրքի անգլերեն հրատարակության խմբագիր Արևիկ Գաբրիելյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը և գրքի հեղինակ Մելինե Անումյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button