Վերլուծական

Գործարքներ, որոնք պետք է կասեցնել սաղմնային փուլում

Օրերս հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բանակի տրամադրության տակ են հայտնվել ամերիկյան «Բել-412» ուղղաթիռներ:

Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ մտահոգություններ հնչեցին Հայաստանից: Դրանց «Ռադիոլուր»-ն անդրադարել էր օրերս:

Գործարքի դեմ  ԱՄՆ Կոնգրեսին, Պետդեպին եւ Պենտագոնին հասցեգրված բողոք էր  ներկայացրել նաեւ Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը` միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում այսօր փոխանցել է, որ ստացել են գրության հետ կապված արձագանքը:

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ի պատասխան իրենց պարզաբանման խնդրանքի, թե ինչպե՞ս են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանական բանակում, արձագանք են ստացել ԱՄՆ պետդեպարտամենտից:

«Նրանք նշում են, որ այդ ուղղաթիռներն արտադրվել են որպես քաղաքացիական եւ այդ պատճառով էլ Պետդեպարտամենտը չի վերահսկել դրանց վաճառքը եւ այդ թվում նակատի են առնում, որ այն կարող է վաճառվել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին»:

Ստացվում է, ինչպես եւ նախապես ենթադրում էին հայ փորձագետները, քաղաքացիական համարվող այդ ուղղաթիռները վաճառվել են ինչ-որ մի կազմակերպության, կամ ինչ-որ մի պետության, որոնք ռազմականացվել են եւ վերավաճառվել Ադրբեջանին:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 20-ից ավել երկրներ կան, որոնք վաղուց օգտագործում են այդ ուղղաթիռները:

Այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ուղղաթիռները ԱՄՆ-ից դուրս են եկել որպես քաղաքացիական ուղղաթիռներ՝ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտի արձագանքում նաեւ շեշտվել է, որ պարզելու համար, թե հատկապես ո՞ր երկրում են դրանք ռազմականացվել եւ հասել Ադրբեջան՝ ավելի երկար ժամանակ կպահանջվի:

«Կարծում եմ, որ այստեղ մենք կարող ենք նաեւ օգտակար լինել մեր ամերիկացի գործընկերներին, որովհետեւ, եթե դրանք, ըստ որոշ փորձագետների, կրկնակի նշանակության ուղղաթիռներ են եւ հեշտությամբ կարող են կոնվերտացվել ռազմական նշանակության ուղղաթիռների, կարծում եմ, պետք է համապատասխան ուսումնասիրություններ արվեն եւ նաեւ պետք է ինչ-որ մի կանխարգելիչ գործոն լինի, որպեսզի հետագայում նման գործարքներ չլինեն եւ այդ ուղղաթիռները չօգտագործվեն մեր զինված ուժերի դեմ»:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը նկատեց, որ նախադեպերը շատ են եւ զարմանք հայտնեց, որ բարձրաձայնում են միայն ամերիկյան ուղղաթիռների մասին:

«Իսկ մյուս երկրներից վաճառքնե՞րը… Ընդհանրապես, պետք է ոչ թե ամենավերջում ձայն բարձրացնել, այլ՝ ամենասկզբում: Այստեղ խնդիրն այն է, թե ինչու՞ հայկական կողմը չի իմացել այդ վաճառքի մասին: Անգործության խնդիր չէ: Պետք է աշխատանքներն այնպես կազմակերպվեն, որ սաղմի մեջ կանխվեն նման գործարքները»,-«Ռադիոլուր»-ին ասել է քաղաքագետը:

Ի դեպ, Ադրբեջանը գնում է նաեւ ռուսական ռազմական ուղղաթիռներ: Նման պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը նախընտրել գնել նաեւ քաղաքացիական, բայց ռազմականացված այդ ուղղաթիռները նույնպես: Այս հանգամանքին անդրադառնալով՝ փորձագետները նկատում են, որ թերեւս պատճառն այն է, որ դրանք փոքր, սակայն տարողունակ եւ լավ մանեւրելու հնարավորություններ ունեցող ուղղաթիռներ են՝ դեսանտներ իջեցնելու, կոնկրետ փոքր ռազմական օպերացիաներ իրականացնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button