ԿարևորՀասարակություն

Պաշտպանին մտահոգում է փաստաբանների ու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարն ու պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը, միաժամանակ ընդգծում, որ ոչ պակաս, քան կոռուպցիայի հաղթահարումը կարևոր է իրավական ընթացակարգերի պահպանումը:

Կոպիտ խախտումների մասին ահազանգեր Պաշտպանի գրասենյակն առայժմ չի արձանագրել, բերման ենթարկված անձանցից որևէ դիմում, բողոք չի ստացել: Գործընթացին, սակայն, ուշադրությամբ հետևում ենք՝ ասել է Արման Թաթոյանը ու առանձնացրել մի քանի երևույթներ, որոնք մտահոգիչ են համարում:

ԱԱԾ գործողությունների հետևանքով բերման ենթարկվածներից, ձերբակալվածներից կամ կալանավորվածներից Մարդու իրավունքների պաշտպանը բողոքներ առայժմ չի ստացել: Դիմումներ պաշտպանի գրասենյակ չեն ուղղվել, բայց հրապարակային ահազանգեր եղել են:

«Ցանկացած դեպքում, երբ հրապարակային ահազանգ է լինում, երբ հատկապես խոսքը հանրային հնչեղության գործի մասին է, որ խոշտանգում է տեղի ունենում, ես պարտավոր եմ արձագանքել»:

Հրապարակային ահազանգ հնչել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանից: Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալն անազատության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի:

«Եթե մարդը հիվանդ է և այդ հիվանդությունը թույլ չի տալիս, որ նա կալանավորվի, անկախ իր կատարած արարքից օրենքի ուժով իրավունք չունեն կալանավորել: Հակառակ պարագայում պետության գործառույթը դիտվում է պետական հանցագործություն և մեկ բառով կոչվում է խոշտանգում»:

Անկախ հանգամանքից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում անձը, Մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր է ազատությունից զրկելու հարցում միատեսակ մոտեցում ցուցաբերել՝ ասում է Արման Թաթոյանը: Մանվել Գրիգորյանի պաշտպանից դիմում չեն ստացել, բայց առաջիկա օրերին պատրաստվում են այցելել նրան: Մեկ անգամ՝ ձերբակալության առաջին օրը, արդեն տեսակցել են:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարն ու պատասխանատվության խիստ միջոցների կիրառումը, բայց նաև ընդգծում, որ ոչ պակաս, քան կոռուպցիայի հաղթահարումը կարևոր է իրավական ընթացակարգերի պահպանումը:

Իրավապահների գործողությունները պետք է իրականացվեն օրիանականության և մարդու իրավուքների չափորոշիչների անշեղ պահպանմամբ, առանց երկակի ստանդարտների՝ ասում է մարդու իրավուքների պաշտպանը:

«Այս պահին բողոքներ թեև չունենք, բայց գործընթացին ուշադիր հետևում ենք և անհրաժշետ պահին կարձագանքենք»:

Երկու խնդրի պաշտպանն արդեն անդրադարձել է: Նախ ՝ փաստաբաններին: Իրավապահների թիրախում հայտնված անձանց իրավունքների պաշտպաններն իրենք են հայտնվել հանրային, այսպես ասենք, ոչ բարեհաճ վերաբերմունքի առանցքում:

Մասիսի ձերբակալված և հետո ստորագրությամբ ազատ արձակված քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանն, օրինակ, ահազանգում էր իր նկատմամբ սոցհարթակներում սկսված արշավի մասին: Թեև փաստաբանն ինքն էլ հայհոյել էր ֆեյսբքուքյան օգտատերերից մեկին, բայց ինչպես ավելի ուշ ֆեյսբուքյան ասուլիսում էր բացատրել՝ դա արել էր ի պատասխան իր դեմ սկված արշավի ու սպառնալիքների:

Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ՝ հանրությանը հիշեցնում է Մարդու իրավունքների պաշտպանը ու հորդորում նույն վերաբերմունքը նրանց նկատմամբ չտածել:

Պաշտպանի մյուս մտահոգությունն էլ վերաբերում լրատվադաշտին: Օմբուդսմենը մտահոգիչ է համարում խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները: Դրանք ընդգծված են հատկապես սոցիալական ցանցերում: Կոնկրետ օրինակը «Հրապարակ» օրաթերթինն է: Սոցիալական մեդիայում տարածվում են լրատվամիջոցը «մերժելուն» ուղղված կոչեր, նշվող պատճառներից է լրատվամիջոցի «ոչ օբյեկտիվ քննադատությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքի հրապարակումների ներքո առկա են այդ լրատվամիջոցի ու լրագրողների նկատմամբ վիրավորանք և սպառնալիք պարունակող մեկնաբանություններ: Հունիսի 22-ից սկսած այս երևույթը հատկապես է սրվել և ուղեկցվում է լրատվամիջոցի լրագրողներին ուղղված անձնական բնույթի սպառնալիքներով:

Արման Թաթոյանը վտանգավոր է համարում ոչ միայն երևույթը, այլ նաև դրան իրավասու պետական մարմինների չարձագանքելը:

Ցուցադրել ավելի
Back to top button