Տնտեսական

Որոնք են հանքարդյունաբերությունը շահագործելու ռիսկերը

Երևանում այսօր փորձագետները  մեկ անգամ ևս բարձրաձայնել են Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերը:

Այսպես ասենք՝ պատասխանող կողմից որևէ մեկը ներկա չի եղել, նրանք իրենց պատասխանը գրավոր են ներկայացրել:

«Ռադիոլուրը», սակայն, զրուցել է Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերության՝ «Վալեքս գրուպ»  ընկերության ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանի հետ:

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում են ամենաշատը  բախվում են  բնապահպանների, պետության ու հանքը շահագործող ընկերությունների շահերը:  Այս տարվա հունվարից չի շահագործվում  Թեղուտի հանքավայրը: Աշխարհագրագետ, հայկական բնապահպանական ճակատից Լևոն Գալստյանը պնդում է՝ որևէ  պաշտոնական փաստաթուղթ համապատասխան գերատեսչությունները չեն ստացել, թե ինչու են դադարեցրել շահագործումը.

«Սա նշանակում է, որ Թեղուտ ՓԲԸ-ն պետք է զրկված լիներ ընդերքօգտագործման իրավունքից՝  «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն»:

Աշխարհագրագետը ծրագիրը բնութագրում է որպես աղետ, կամ իր խոսքով՝ աղետ.

«Մինչև այդ պատասխանատվության մեխանիզմները չկիրառվեն, և նախև առաջ այդ ընկերությունը չզրկվի բոլոր տեսակի իրավունքներից, շահագործման մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է»:

Այսօր հրավիրված քննարկմանը Թեղուտ ՓԲԸ-ից որևէ մեկը չէր մասնակցում: Նրանք նամակով էին ներկայացրել հանքավայրի փակման պատճառները. պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների նպատակով 2018 հունվարի 12-ից  դադարեցվել է աշխատանքը: Պոչամբարի պատվարի կայունության բարելավման համար լրացուցիչ աշխատանքներ են անհրաժեշտ: «Ռադիոլուրը» «Թեղուտ» ՓԲԸ  չաշխատելու հետ կապված զրուցել էր ընկերության ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանի հետ:

«Պոչամբարի հետ կապված խնդիրներ կային, և քանի որ «Վալլեքս գրուպ»-ի կարևորագույն խնդիրներից մեկը լինել օրինակելի ընկերություն, որոշումը տրամաբանական էր, որ միառժամանակ դադարեցնեն, լուծում գտնեն: Այնպես չլինի ստեղծեն շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներ, հետո լուծեն դրանք»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը Թեուղտի հանքավայրի  շահագործման դեմ պայքարողներից էր: Այսօր «Ռադիոլուրը» փորձեց պարզել՝ փոխվե՞լ է բնապահպան ակտիվիստի դիրքորոշումը, թե՞ ոչ.

«Փոփոխվել է խոսքի ռիտորիկան, ոչ թե դիրքորոշումը: Այն,ո ր դու այլևս պետական մարմին ես ներկայացնում  սահմանափակված ես պետական պաշտոնյայի լիազորությունների շրջանակներում: Եթե նախկինում դու ազատ էիր որպես քաղհասարակության»:

Զրուցակիցս ստուգումների ընթացակարգը ներկայացրեց, ասաց, որ բացի պլանային ստուգումներից աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ոչ միայն տեսչական, այլ համապարփակ ստուգումներ ու ուսումնասիրություններ կանցկացնի՝ հատկապես մետաղական հանքավայրերի ոլորտում:

«Վալեքս գրուպ»  ընկերության ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալով հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներին, փաստում է՝

«Որպեսզի որևէ որոշում կայացվի, պետք է համադրվեն դրական ու բացասական կողմերը: Իհարկե՝ շրջակա միջավայրի խնդիրը խիստ կարևոր է։ Եթե այդ ռիսկը կառավարելի է, կարծում եմ՝ ճիշտ է, որ մենք շարունակենք նաև հանքագործությունը: Այս ոլորտն այս պահին համարվում է տնտեսության կարևորագույն ճյուղ»:

Զրուցակիցս ընդգծում է՝ տնտեսության վրա  Թեղուտի չաշխատելը բացասաբար է ազդում

«Թեղուտը Հայաստանում երկրորդն էր և աշխատողների թվով, և վճարված հարկերով: Բնականաբար՝ իր տնտեսական էֆեկտն արդեն ի ցույց է դրել: Եթե շուրջ 1000 հոգի գործազուրկ է դառնում, դա թողնո՞ւմ է տնտեսական էֆեկտ, թե՞ ոչ: Իհարկե՝ թողնում է»:

Հունիսի 11-ին Լոռու մարզի Թեղուտ ու Շնող համայնքերի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով գործարանի վերագործարկումը:

Շնող բնակավայրի ղեկավար Դավիթ Ղումաշյանն այսօր վստահեցնում էր՝ ակցիան կազմակերպել էին տեղացիները, «Վալլեքս Գրուպը» դրա հետ որեւէ կապ չունի։

Ցուցադրել ավելի
Back to top button