ԿարևորՔաղաքական

Իռացիոնալ ու անհեթեթ. ՀՀ ԱԳ նախարարի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը

Բաքվում այսօր զորահանդես է անցկացվել՝ նվիրված Ադրբեջանի զինված ուժերի հարյուրամյա հոբելյանին: Հարևան երկրի  պաշտոնական աղբյուրները փոխանցում են, որ զորահանդեսին մասնակցել են  պաշտոնական ներկայացուցիչներ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից:

Բաքուն լրջորեն էր նախապատրաստվում  այս միջոցառմանը,  լրջորեն էլ  «գովազդում» այն։ Տարբեր պաշտոնյաներ  հայտարարում էին, որ ցուցադրվելու է ռազմական ողջ զինանոցը, այդ թվում՝ նոր զինատեսակներ և  հակաօդային պաշտպանության այնպիսի համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբևէ չեն ցուցադրվել:  

Զինվորական շքերթը առանց ռազմական հայտարարությունների չի անցել: Իլհամ Ալիևը չի շրջանցել այս հնարավորությունը ու կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության իր պատկերացումների մասին:

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը  Twitter-ի իր միկրոբլոգում այսօր անդրադարձել է   Բաքվի ռազմատենչ  հռետորաբանությանը և  հնչող հայտարարությունները իռացիենալ ու անհեթեթ որակել:

Ընդգծելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում,  արտգործնախարարը նաև գրել է.

«Ռազմական հռետորաբանոսւթյունն ու սուր ճոճելը իռացիոնալ է, ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ադրբեջանում ներքին սպառման ու բանակցությունների համար նախատեսված լեզուները անհամատեղելի են: Բանակցությունների սեղանին ավելի պատասխանատու ու գիտակից կողմի կարիք կա»:


Արտգործնախարարի այս մեկնաբանությունը հաջորդել է Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ  այդ երկրի նախագահի  արած  հայտարարություններին: Իլհամ Ալիևը  կրկին խոսել է իր երկրի ռազմական ներուժի մասին, նկատել , որ Հայաստանը չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ, խոսել տարածքային ամբողջականության շուտափույթ վերականգնման մասին:

Պատմական արդարությունը մեր կողմն է՝ ասել է Իլհամ Ալիևը,  և ոչ պակաս  ուշագրավ մեկ այլ  հայտարարություն էլ արել՝ Ադրբեջանը հզորացնում է զինված ուժերը, քանի որ միջազգային իրավունքը չի գործում:

«Եթե այն գործեր, մենք վաղուց արդեն կազատագրեինք մեր տարածքները», — ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ այսօր գերակայողն ուժային գործոնն է դարձել:

Հատկապես այս հայտարարությունն ու ընդհանրապես  վերջին զարգացումներով կազմված պատկերը  փորձագետ Ստեփան Սաֆարյանը մտահոգիչ է որակում:

«Ադրբեջանն իր վերջին շրջանի գործողություններով մի քանի ռեակցիա է ստուգում: Առաջին հերթին Հայաստանի ռեակցիան, որ այս պահին ցավոք անբավարար է: Փորձում է միջազգային հանրության ռեակցիան, խոսում է միջազգային իրավունքի չգործելու մասին, նաև Ռուսաստանի ռեակցիան»:

Սաֆարյանը հիշեցնում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի  նախօրեին արած հայտարարությունը ու նշում, որ այն նույնպես համարժեք արձագանքի  կարիք ունի: Պետդումայի խոսնակը խոսել էր  հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ասել էր, որ  Ռուսաստանը հանդես է գալիս այդ դիրքերից, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն  այս առումով «ճիշտ և կառուցողական» էր որակել:

Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն այս հայտարարության առնչությամբ պարտավոր են հստակեցումներ պահանջել:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, անդրադառնալով  Պետդումայի նախագահի հիշյալ հայտարարությանը, ասել էր, որ Հայաստանի համար  ուղղորդողը պետությունների գործադիր իշխանության ներկայացուցիչների դիտարկումներն են, իսկ Ռուսաստանի գործադիր իշխանության տեսակետը ԼՂ հարցի վերաբերյալ  հայտնի է՝ շեշտել էր Բալայանը:

«Համոզիչ չէ, ես չէի ուզենա, որ ՀՀ արտգործնախարարությունը բավարարվեր միայն մեկ գերատեսչության դիրքորոշումներին  հղումներ անելով»:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահն այսօր կրկին խոսել է  Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին արձանագրած հաջողությունների, ազատագրված տարածքների  մասին: Իսկ մինչև  այդ հայտարարությունը՝ նույն հարցին վերաբերող ադրբեջանական քարոզչությունը ծայրից ծայր անհեթեթություն էր որակել Հայաստանի վարչապետը՝ թեմային անդրադառնալով երեկ երեկոյան ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ: Ադրբեջանական կողմը կարևոր բարձունք չի գրավել՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին այսպես էր արձագանքել Նիկոլ Փաշինյանը:

«Գրավելով կարևոր բարձունք. անկյունաքարային նշանակության հարցը հետևյալն է՝ գրավելով կարևոր բարձունք, այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, էդ տարածքները միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ։ Այսինքն՝ այս առումով որևէ բան չի փոխվել։ Որոշակի դիրքերի տեղաշարժ է տեղի ունեցել, սակայն մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն չի եղել:  Ըստ էության, մենք ունենք նույն իրավիճակը, ինչ որ ունեինք մի քանի ամիս առաջ»:

Վկայակոչելով վիճակագրական տվյալները՝ վարչապետը նաև նշել  էր, որ   հրադադարի ռեժիմի խախտման մակարդակն աննախադեպ ցածր է, թեև առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ։ Փաշինյանի գնահատմամբ՝ սահմանին այն իրավիճակն է, որը մեզ ծանոթ է երկար տարիներ։

Back to top button