Տնտեսական

Շատ ներդրողներ սպասում են արտահերթ ընտրություններին. տնտեսագետ

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է այս տարվա առաջին հինգ ամսվա վիճակագրական տվյալները:

Սրանք, ըստ էության, ցուցանիշներն են, թե ինչպիսի տնտեսությամբ երկիր է ժառանգել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

Մեկ տարվա ընթացքում ՝2018-ին 2017-ի համեմատ տնտեսական ցուցանիշերն աճել են, սակայն տնտեսական ակտիվությունը հեղափոխության շրջանում նվազել է։ Այսպես՝ 2018 թվականի հունվարն- մարտ ամիսներին այդ ակտիվությունը 10 տոկոսից ավելի էր, իսկ հունվար- մայիս ամիսներին՝ մոտ 8,5 տոկոս։ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան.

«Վերլուծում ենք ցուցանիշերի որոշակի նվազում կա, արդյունաբերության մասով, որը կապված է պաշարների առկայությամբ ու իրացման խնդիրներով»:

Արդյունաբերության ոլորտում անկումը 3 տոկոսից ավելի է: Սակայն աճ է արձանագրվել շինարարության եւ առեւտրի ոլորտում։ Ընդ որում երկուսում էլ այդ աճն անցնում է 8 տոկոսը։ Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ընդգծում  է՝ շինարարության ոլորտի վրա  հեղափոխությունը չազդեց.

«Վերջապես այս ոլորտը մեծ անկումից հետո սկսեց ակտիվանալ: Այստեղ զբաղված մարդիկ  շատ վատ վիճակում էին, աճ չկար: Սկսվել է շինարարությունը վերականգնել: Մեկ ամսով դժվար է գնահատել, սակայն եթե սա միտումնային է, տարին ավելի շատ տնտեսական աճով կփակենք»:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը կանխատեսումներից զերծ է մնում, նշում է՝ ունեցած ներուժն են գնահատում, իսկ սա լավատեսություն է ներշնչում:

«Ինչ վերաբերում է տարվա վերջում կանխատեսվող տնտեսական աճին, ապա ասեմ, որ մեր կանխատեսումները հակված չեն դեպի վատը, ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կունենանք լավ տնտեսական միջավայր, իսկ դա իր հերթին կբերի ոչ միայն նախանշված ցուցանիշների ապահովման, այլև բարելավման»,— ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ռադիոլուրի» զրուցակից տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ընդգծում է՝ ներդրողներից մեծ մասի համար այս շրջանը սպասողական է լինելու՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մինչև ընտրությունները չլինեն, շատ ներդրողներ սպասողական վիճակում են լինելու: Որքան էլ ոգևորված լինել, միևնույնն է՝ սպասելու են ընտրությունների արդյունքներին: Ներքին ռեսուրսների աճը կա և շինարարության աճը դա է»:

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ընդգծում է՝ ապրիլյան դեպքերից հետո տնտեսական որոշակի դանդաղում նկատվում է, սա բնական է,- ասում է:

Երկարաժամկետ հատվածում տնտեսական քաղաքականության որդեգրած կուրսը կարևոր կլինի: Տնտեսվարողների համար կարևոր է տնտեսական հեռանկարը:  Տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի տեմպերի  դանդաղում է կանխատեսվում:

Ֆինանսների նախկին պատասխանատուն շարունակում է պնդել՝ դեմ է կենսաթոշակի կամ նվազագույն աշխատավարձի բարձրացման համար պարտք վերցնելուն:

Ցուցադրել ավելի
Back to top button