Հասարակություն

«Զինվորի բաժին». հերթական խմբաքանակը հայտնաբերվել է Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ապրիլյան պատերազմի օրերին ստացված օգնության չբախշված  հերթական խմբաքանակ է հայտնաբերվել նաեւ Արցախում:

Ինչպես Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրությունից է հետեւում՝ այն պահեստավորվել է Երկրապահ կամավորական միության ղեկավարության կողմից:

Անցած շաբաթա վերջին ոստիկանությունը  հատնեց, որ Արցախի Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերվել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ, 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց՝ գուլպաներ»,  «Գյումրին Ձեզ  հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին»  գրառումներով:

Երկու օր անց իրավապահները հերթական հաղորդագրությունը հրապարակեցին, ըստ որի նույն տարածքում գտնվող ՋԻ ԷՍ պլյուս ընկերության պահեստում ապրիլյան պատերազմի օրերին չբաշխված օգնություն է հայտնաբերվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆելիքս Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զույցում հաստատեց, որ պահված սնունդն ու ապրանքները երկրապահ կամավորներին են պատկանել: Հարուցված է քրեական գործ ՔՕ 185-րդ հոդվածի, 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման փաստով:

Իրավապահներն առայժմ գործի մանրամասներ չեն հրապարակում, նաեւ  ոչինչ չեն հայտում ներգրավված անձանց մասին՝ հուշելով անմեղության կանխավարկածի մասին:

Նշեմ, որ ՋԻ ԷՍ պլյուս ընկերությունը պատկանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանի որդուն:

Պատգամավորը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ երկրապահների հետ իր ընտանիքն առնչվում է այնքանով, որ իր զավակները եւս մարտնչել են երկարպահների շարքերում, կապերը պահպանվել են առայսօր եւ ապրիլյան պատերազմի օրերին երկրապահների ղեկավարությունը հենց իրենց է դիմել պահեստ տրամադրելու հարցով:

Արզիկ Մխիթարյանը  չհամաձայնեց ոստիկանության տարածած հաղորդագրությունում եղած մի  քանի ձեւակերպումների հետ եւ նշեց, որ Ազգային անվտանգության ծառայություն դիմել են հենց իրենք:

Պատգամավորը հուսով է, որ ամեն ինչ կպարզվի շարունակվող նախաքննության ընթացքում։ Ոստիկանությունում ստեղծված է քննչական խումբ, փաստական տվյալները իրավապահները խոստանում են հայտնել լրացուցիչ:

Back to top button