Քաղաքական

Ներկա ու նախկին իշխանությունների համատեղ աշխատանքը ԵԽԽՎ-ում


«Թավշյա հեղափոխությունից» հետո Ստրասբուրգ մեկնած հայ պատգամավորները, բնական է, որ բացի ԵԽԽՎ լիագումար նիստին եւ տարբեր հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելուց բացի փորձում են նաեւ իրենց առանձին հանդիպումներն ունենալ եվրոպական այդ կառույցում:

Ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպես են աշխատում մեր պատվիրակները եւ ինչպիսի մթնոլորտ է ԵԽԽՎ-ում հայաստանյան փոփոխությունների հանդեպ՝ «Ռադիոլուր»-ը զրուցել է Ստրասբուրգում գտնվող մեր պատվիրակների հետ:

Մինչեւ այս ամսվա վերջը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում կներկայացվի կարծիք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների եւ զարգացումների վերաբերյալ: Մայիսի վերջին այստեղ էին խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները, հետեւել են ամեն ինչին:

Պատրաստվող նյութերի բովանդակությանը ծանոթ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, սակայն մեզ փոխանցեց, որ փակագծերը բացելու իրավունք դեռ չունի:

Հայ պատգամավորներն առաջին անգամ են Ստրասբուրգում հայաստանյան «թավշյա հեղափոխությունից» հետո: Հենց այդ տեսանկյունից է հետաքրքիր ԵԽԽՎ այս նստաշրջանը: Պատվիրակության կազմում են ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ում հետ են հանդիպում,  միասին, թե առանձին, ինչից են բողոքում եւ ինչ են ակնկալում եվրոպական կառույցից:

Նախորդ նստաշրջանը մեր պատվիրակները բաց էին թողել՝ Ստրասբուրգ հասնելուն պես տեղեկացել էին, որ «թավշյա հեղափոխության» ամենաթեժ շրջանն էր՝ Էրեբունիից բերման էին ենթարկվել 3 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը: Բոլորն անմիջապես վերադարձան, վերջինը Էդմոն Մարուքյանն էր՝ ամեն ինչ պատմել էր նոր էր եկել, այս անգամ էլ առանձին հանդիպումներ, իհարկե, ունեցել է:

«Թավշյա հեղափոխությանը» անդրադարձ եղել է նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում: Մեր պատվիրակության անդամ հանրապետական խմբակցությունից պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խոսեց այն տեսանկյունից, որ կատարվածը հայաստանյան ժողովրդավարության ուժի ու հասունության ապացույցն էր:

«Հայաստանում տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Այն հնարավոր դարձավ ի շնորհիվ ինչպես զանգվածային հանրահավաքների կազմակերպիչների, այնպես էլ այդ ժամանակվա իշխանությունների պատասխանատվության։ Սա եւս մեկ պատասխան էր բոլոր նրանց, ովքեր մտահոգված էին հայաստանյան ժողովրդավարության ապագայով: Հայաստանյան ժողովրդավարությունը նոր հնարավորություն է ստացել՝ դառնալու ավելի ուժեղ եւ երաշխավորելու իր անշրջելիությունը: Յուրաքանչյուր հնարավորություն, միեւնույն ժամանակ, նաեւ մարտահրավեր է»:

Ինչ է նկատի ունեցել Սամվել Ֆարմանյանը: Ասելիքի փակագծերը շատ չի բացել: Նշել է միայն «Հրապարակ» օրաթերթի դեմ արշավը՝ վտանգ տեսնելով, որ այն կարող է ընկալվել իբրեւ ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն: Մարտահրավերների մասին, ամեն դեպքում, մի քանի օրից դեռ կխոսեն Հայաստանի հարցով համազեկուցողները:

Ցուցադրել ավելի
Back to top button