Հասարակություն

Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութը փոխանցվել է ԱԱԾ-ին

Վաղ առավոտից սկսած՝ մի խումբ ակտիվիստներ փակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքերը,  որպեսզի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը չկարողանար մուտք գործել քաղաքապետարանի շենք: Նրանց խոսքով՝ մուտքը փակել էին որպես հանցագործության վայր։

Պատճառը՝ երեկ երեկոյան վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հրապարակած տեսանյութ էր, ըստ որի՝ Տարոն Մարգարյանն ամբողջ կյանքի ընթացքում լինելով բացառապես պետական պաշտոնյա՝ կուտակել է բավականին մեծ ունեցվածք:

Ակտիվիստներին միացել էին նաև Երևանի ավագանու անդամները, որոնք նշում էին, որ իրենց համար բացարձակ զարմանալի չէին տեսանյութում հրապարակված փաստերը, քանի որ դրա մասին իրենք բազմիցս են խոսել:

Երևանի ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցություն  ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշում է, որ  Տարոն Մարգարյանն այս գործով  որպես մեղադրյալ պետք է ներգրավվի:

Շուրջ երկու ժամ տևած ակցիայից հետո, մասնակիցները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի գործողությունները, երբ կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարեց, որ FACT TV-ի կողմից Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հրապարակված հետաքննական ֆիլմի ամբողջ նյութերը փոխանցվել են ԱԱԾ-ին։

Դրանք կկցվեն «Երևան» հիմնադրամի՝ առնչությամբ հարուցված քրեական գործին։ Ի դեպ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է:

Back to top button