Քաղաքական

ԵԽԽՎ նոր նախագահը Լիլիան Մորի Պասկեն է

լրացված 18.24

ԵԽԽՎ նախորդ նստաշրջանը գումարվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ամենաթեժ փուլում էր «թավշյա հեղափոխությունը»: Այն ժամանակ մեր պատվիրակները հասան Ստրասբուրգ եւ անմիջապես վերադարձան Հայաստան:

Դա այն օրեր էր, երբ Էրեբունիից բերման ենթարկվեց 3 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միրքայելյանը: Այսօր հայ պատվիրակները կրկին Ստրասբուրգում էին՝ մեկնարկել է ամառային նստաշրջանը:

 

Մորի Պասկիեն չի դառնա նոր Ագրամունտ, որը ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացավ «ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կոռուպցիոն սկանդալի պատճառով: Վստահությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով փոխանցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 32-րդ նախագահն այդ պաշտոնում իր առաջին ելույթի մի մասը հատկացրեց հենց կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին եւ ԵԽԽՎ բարի համբավի վերականգմանը:

« Եթե անկեղծ խոսենք, ապա վերջին իրադարձությունները ցնցեցին մեր կառույցը եւ անգամ հարցականի տակ դրեց մեր հեղինակությունը: Կոռուպցիան շատ խորամանկորեն սկսեց քանդել մեր կառույցը, որը պատասխանատու է ժողովրդավարացման համար: Պետք է հստակ ռազմավարությունը մշակենք՝ կոռուպցիայի «ուռուցքը» հաղթահարելու համար: Եվրախորհուրդը չի կարելի վաճառել ինչ որ խոստումների դիմաց»:

Սոցիալիստների խմբի արդեն նախկին նախագահը ԵԽԽՎ նախագահի միակ թեկնածուն էր, ուստի քվեարկություն չի եղել: «Բոլոր քաղաքական խմբերը համաձայն են եղել այս թեկնածությանը»,- տեղեկացրել է Արփինե Հովհաննիսյանը: Ի դեպ, Հայաստանի «թավշյա հեղափոխությունից» հետո ԵԽԽՎ այս նստաշրջանը առաջինն է, որ մասնակցում են մեր պատվիրակները՝ քաղաքական բոլոր ուժերից: Այսպիսով հետաքրքիր է, թե հեղափոխությունից հետո նաեւ ԸՕ-ի փոփոխությունից առաջ ում հետ են հանդիպում, ինչ են զրուցում եւ պայմանավորվում մեր քաղաքական գործիչները:

Բայց ԵԽԽՎ այս նստաշրջանը  թերեւս այն եզակիներից է, որ մեր պատվիրակության անդամները գրեթե անհասանելի են լրագրողների համար: Կապ չի հաջողվում հաստատել ոչ մեկի հետ, ֆեյսբուքյան գրառումներ անում է միայն Արփինե Հովհաննիսյանը, չի պատասխանում անգամ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատասենյակի հեռախոսը:

Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանների փոխարեն Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքով տեղեկացրել է, որ կոռուպցիոն հանձնաժողովի զեկույցից հետո ԵԽԽՎ-ում ԵԺԿ նախագահ Չեզարե Պրեդանի հրաժարականից հետո այսօր չի հաջողվել ընտրել նրան փոխարինողին: Պատճառը՝ խմբում առկա մթնոլորտը և տարաձայնություններն են:

Հարցին կվերադառնան աշնանը՝ ավելի հանգիստ պայմաններում: «Դա հույս է ներշնչում, որ ԵԺԿ-ն կկարողանա մաքրել Ադրբեջանի կողմից իր վզին փաթաթված կոռուպցիայի խարանը, քանդել անհանդուրժողականության պատը, վերացնել բաժանարար գծերը ու դառնալ միասնական, ազդեցիկ, ինչպես նախկինում էր»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: Իսկ մեր հարեւանը՝ Ադրբեջանն, այսօր ուշադրության կենտրոնում էր նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստում: Ռումինացի Ռիչարդ Բադեան ներկայացրեց ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացված ընտրություններին առնչվող զեկույցը: ԵԽԽՎ 33 պատվիրակ Ադրբեջանում բաժանվել էր 19 խմբի եւ այցելել էր տարբեր շրջաններ: Զեկույցից առաջ Բադեան հիշեցրեց՝ Ալիեւը վերընտրվեց 4-րդ անգամ 7 տարի ժամկետով: Լսենք ռումինացի պատգամավորին:

«Ինձ թվում է ընտրական գործընթացն տարբերվել է տհաս մրցակցությամբ: Սահմանափակվում էին հիմնարար իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ խոսքի ազատությունը եւ ազատ արտահայտման իրավունքը: Կային շատ խախտումներ, այդ թվում նաեւ թափանցիկության բացակայության հետ կապված: Երկրի հարավում տեղի էին ունենում լուրջ հանցագործություններ՝ մարդիկ հայտնվում էին բանտերում անգամ ինտերնետում կատարած հանցագործությունների մեղադրանքով: Մյուս 7 թեկնածուները այսպիսի իրավիճակը չէին քննադատում եւ որեւէ կերպ չէին մեկնաբանում»:

Սոցիալիստների խմբից գերմանացի Ֆրանկ Շվաբեի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն պետք է հստակ դիրքորոշում հայտնի այս զեկույցից հետո։ Բացի այդ՝ կանխատեսեց, որ «ադրբեջանական լվացքատան» պատճառով Ագրամունտի անուվանը շուտով կավելանան նոր անուններ: ԵԽԽվ ամառային նստաշրջանը աշխատելու է մինչեւ հունիսի 29-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button