ԿարևորՀասարակություն

Սերժ Թանկյանի երազանքի Հայաստանը

Հայաստանում տեղի ունեցող ոչինչ նրան անտարբեր չի թողնում: Թավշյա հեղափոխության՝ Սփյուռքի ամենաակտիվ մասնակիցներից էր:

Ոգևորված է նոր Հայաստանով, որտեղ մեծ սիրով կսրբագրեր նախկինում առկա սխալները: Որոնք էին այդ սխալները, ինչպիսին է ամերիկահայ հայտնի ռոք աստղ Սերժ Թանկյանը պատկերացնում իր երազանքի Հայաստանը:

«Ռադիլուր»-ին տված Թանկյանի հարցազրույցի մանրամասները՝ ռեպորտաժում:

Աշխարհի լավագույն մեթալ վոկալիստների ցանկում նա 26-րդ է: Աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի սիրված մենակատարը, վերջին տարիներին առաձնանում է նաև ֆիլմերի համար գրած երաժշտական ստեղծագործություններով, Միացյալ Նահանգներում Սերժ Թանկյանը հայտնի է նաև բարեգործական բազմաթիվ արշավներով, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներով:

Հայերիս համար Սերժ Թանկյանը  նախ և առաջ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարող աշխարհի ամենահայտնի  հայերից մեկն է, իսկ դրա հիմքում գերդաստանի պատմությունն է ու մեծ պապի անձնական ողբերգությունը:

Հայաստանը նրա կյանքի անբաժան մասն է, հետևում է հայրենիքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը, ապա Թանկյանը դրա անմիջական  մասնակիցներից է: Ինչն էր ձեզ ամենից շատ մտահոգում նախկինում, և ինչ չէիք ցանկանա տեսնել նոր Հայաստանում, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան արձագանքում է.

«Կոռուպցիան եւ անարդարությունը, որ կազմում էր նախկին իշխանության հիմքը, դրա ներկայությունն էր, որ ամեն ինչին խանգարում էր: Հիմա նոր թափով եւ կոռուպցիայի դեմ նոր պայքարով ամեն ինչ փոխվում է եւ պիտի փոխվի լիովին»:

Սփյուռքի հանդեպ վերաբերմունքի հարցում էլ արվեստագետը փոփոխություն է ակնկալում: Սփյուռքին շնորհակալ ենք, բայց մենք ամենի ինչ գիտենք, մոտեցումն ըստ նրա, անընդունելի է:

Սերժ Թանկյանի խոսքով, Սփյուռքը ոգևորված է հայաստանյան իրադարձություններով և պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա հայրենիքի զարգացման գործում: Ինքը՝ արվեստագետը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ արդեն հանդիպել ու քննարկել է կոնկրետ մի քանի գաղափարներ:

Եվ «Ռադիոլուր»-ի վերջին հարցն ուղղված Սերժ Թանկյանին՝ Հայասատանում ունի արդյոք սիրելի վայր, որտեղ իսկապես հաջողվում է հանգստանալ:

«Դիլիջան, Երեւան, Վանաձոր… ամենահանգիստ տեղը դեռ չեմ գտել Հայաստանում»:

Հայաստանը անսպառ բացահայտումների երկիր է: Թանկյանի ամենասիրելի անկյան որոնումներն էլ այստեղ շարունակվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button