Տնտեսական

Ֆերմերները կրկին դժգոհում են կաթի մթերման գներից

Գեղարքունիքի մարզի ֆերմերները կրկին դժգոհում են կաթի մթերման գներից: Սրան այսօր գումարվել է նաև, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը հրաժարվել է մթերել կաթը և, ըստ գյուղացիների, 10 տոննա կաթը մնացել է գետնին:

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է գյուղացիների հետ խոստացել խնդիրն անձամբ ներկայացնել գյուղնախարար Արթուր Խաչատրյանին: Խնդիրը չլուծվելու դեպքում, հայտարարել են, որ փակելու են  ճանապարհը:

Գեղարքունիքի մարզի  համայնքների բնակիչները հավաքվել են «Երևան- Սևան» ճանապարհին: Կրկին բողոքում են կաթի մթերման գնի էժանացումից:  Գյուղացիներին անակնկալի է բերել նաև «Աշտարակ կաթ» ընկերությունը, երբ  հայտարարել է, որ կաթի մթերումը դադարեցնում է:

« Էսօր դռները փակել ա, չի ընդունել Գեղարքունիքի  մարզի կաթերը: 10 տոննա կաթը հետ ա եկել»:

 «Աշտարակ կաթ» ընկերությունից գյուղացիներին պարզաբանել են, որ կարող են մթերել միայն 5 տոննա կաթը, այն էլ էժան գնով: Վերամշակող  ընկերությունից «Ռադիոլուրի» զանգին կոշտ արձագանքեցին:

«Մթերելու ենք, իհարկե: Խնդիրներ ունենք, թույլ կտա՞ք լուծենք:  Ի՞նչ խնդիրներ են: Դե հիմա: Երբ որ պարզ կլինի, դուք էլ կիմանաք»:

Գյուղացիների հետ հանդիպել է մարզպետ Իշխան Սաղաթելյանն ու խոստացել խնդիրն անձամբ ներկայացնել  գյուղնախարար Արթուր Խաչատրյանին:  Գյուղացիներն էլ սպասում են պատասխանին: «Ռադիոլուրին» գյուղնախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ կաթ մթերող ընկերությունների հետ քննարկում են հարցին արագ լուծում տալու համար: Նախարարի փոխանցմամբ՝ կաթ մթերող ընկերությունները պատճառաբանում են կաթի ծավալների մեծացումը և որ այդքանը հնարավոր չէ մթերել:

«Հարց է առաջանում, այդ դեպքում ինչո՞վ են իրենք կաթ արտադրում: ՀՀ կաթի փոշի է ներմուծվում, բայց եթե նայում ենք  խանութում կաթնամթերքի պիտակներին,   ես դժվարանում եմ հիշել, վերջին անգամ երբ եմ տեսել, որ կաթնամթերքն արտադրված լինի կաթի փոշուց և որ կաթն արտադրված լինի կաթի փոշուց»:     

Նախարարությունը պատրաստվում է նամակ գրել Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ստուգումներ իրականացնել կաթնամթերքի շուկայում՝ պարզելու դրանց իրական բաղադրությունը: Կաթի փոշի պարունակելու դեպքում էլ դրանք մակնշվա՞ծ են, թե՞ ոչ:

Նախկինում 200 դրամով  կաթ մթերած գյուղացիները դժգոհում են մթերման այսօրվա սահմանված գինը:

« 3200 դրամ էր: Պայմանագիր կա, ամբողջ ձմեռ մենք սպասարկել ենք ընկերություններին: Նույւնիսկ դեֆիցիտի ժամանակ: Հիմա հենց ժողովուրդը մի քիչ կաթի երես տեսավ, մի քիչ ավել փող պիտի աշխատի, էտ էլ էժանացնում են: 150 դրամ էլ չեն առաջարկում: Գոնե 150 դրամ անեն, էլի ժոողովուրդը համաձայն է»:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ամեն ինչ անելու են, որպեսզի կաթ արտադրողները չտուժեն, մանավանդ  տնային տնտեսությունները:

Back to top button