Հասարակություն

Հուլիսի 1- ից կգործի կուտակային կենսաթոշակի պատրադիր բաղադրիչը. «Դեմ եմ»- ը առաջարկներ է ներկայացրել

Հուլիսի մեկից կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի գնահատմամբ՝ կենսաթոշակային համակարգի ներդրմամբ Հայաստանը կդառնա ավելի վստահելի երկիր և  կնպաստի Հայաստանի միջազգային դիրքի բարձրացմանը: <<Դեմ եմ>> նախաձեռնության անդամ Լևոն  Հարությունյանը պնդում է՝ համակարգի պարտադիր բաղադրիչն անօրինական է։

 

 

Պարտադիր կուտակային համակարգն ուղղված է այսօր քիչ սպառելուն և վաղվա օրն ապահովելուն՝ ասում է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը: Այժմ բեռը նկատելի չէ, սակայն տեսանելի է։ Եթե այսօր  15-64 տարեկան աշխատող 6 մարդկանց բաժին է հասնում մեկ թոշակառու, ապա  2060 թվականին ցուցանիշը կտրուկ կնվազի՝ 2 աշխատողին բաժին կընկնի 1 թոշակառու:

«Պահել հին համակարգը, որտեղ աշխատողները պահում են  այսօրվա թոշակառուին, նշանակում էր մեր երեխաների,  մեր ապագա  սերունդների վրա մեծ բեռ դնել: Եթե առարկայական խոսենք, հարկերը գնալով մեծացնել, այսինքն՝ եկամտահարկի շարունակական ավելացումն է»,- ասում է:

Համակարգը մեկ տարով հետաձգելու հետ տնտեսագետը համաձայն չէ։ Հետաձգելով  թվում է, թե երկարացնում ենք ժամանակը, սակայն մյուս կողմից  կարճացնում ենք  կուտակումը՝ասում է: «Նրանք, ովքեր  առնվազն ստանում էին 500 հազար դրամ աշխատավարձ, երբ միացել էին, արդեն իրենց հաշիվներին ունեն կուտակած  2.5 միլիոն  դրամ, որից կեսից կեսն են իրենց եկամուտներից հատկացրել»:

Աշոտ Խուրշուդյանը դեմ է պետության կողմից վճարվող   7.5 տոկոս գումարին: Վերջինիս խոսքով՝ ստացվում է բարձր աշխատավարձ ստացողը լավ կենսաթոշակ է կուտակում ցածր աշխատավարձ ստացողների համեմատ: Ըստ տնտեսագետի՝ ստվերն այս փոփոխություններից հետո ավելի պետք է կրճատվի: Ցանկացած գործատու ընդունում է ստվերային աշխատող, սակայն այս դեպքում  կենսաթոշակ չի կուտակվում:

Կուտակային կենսաթոշակային համակարգի կարևորությունը << Դեմ եմ>> նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը հասկանում է, սակայն նրա համար անհասկանալի է՝ ինչու է պարտադրվում։  Համակարգը հուսադրող չէ: Ժողովրդից հավաքած գումարի մեծ մասը գնում  է պետական պարտատոմսերի վրա, այսինքն՝ փակում է բյուջեի դեֆիցիտը՝ նկատում է:

«Եթե ինքը փակում է բյուջեի դեֆիցիտը, դա նշանակում է, որ այդ գումարն ինքը գնացել ու չի աշխատում: Իմ տեսակետից միայն այն  30 տոկոսը, որ դուրս է ներդրվել Հայաստանից, ու գնվել են ակցիաներ, մենակ էդ 30 տոկոսն է, որ հիմա աշխատում է մարդու համար»:

«Դեմ եմ» նախաձեռնությունն այժմ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարությանը, սպասում են պատասխանի։ Լեւոն Հարությունյանը նշեց, որ վարչապետի հետ հանդիպելուց հետո կորոշեն անելիքները։

Back to top button