Քաղաքական

Արտահերթից առաջ ո՞ւմ համար է աշխատում ժամանակը. իրավաբանի ու քաղաքագետի կարծիքները տարբերվում են

Հայաստանում իշխանական բուրգը կառուցվել էր շատ սխալ՝ պետության թուլացման հաշվին: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Ինչպիսի բուրգ է կառուցվում այսօր, ինչ թույլ կտա անել փոփոխվող ԸՕ-ն եւ ում օգտին է աշխատում ժամանակը մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ամենը հասկանանք իրավունքի մասնագետի, քաղաքագետի եւ սոցիոլոգի հետ:  

 

Պետական կառավարման համակարգում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որն անգամ  նախատեսված չէ Սահմանադրությամբ: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի համոզմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլընտրանք չունեն: Դրանք կվերացնենք այդ անհամապատասխանեցումը, բայց մասնագետի համար  վիճահարույց է փոփոխվող ԸՕ-ը՝ խոսքն այս դեպքում աշխատանքային խմբի ձեւավորման սկզբունքի մասին է՝ առաջնային են քաղաքական, այլ ոչ մասնագիտական մոտեցումները:

Փոփոխվող օրենսգրքի հիմնական ծուղակներից մեկի մասին բարձրաձայնում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Հայտնի է, որ այսօր գնում ենք ռեյտինգային համակարգից հրաժարվելու ճանապարհով՝ այսինքն՝ լինելու է 100 տոկոսանոց համամասնական, կուսակցական ընտրակարգ եւ խնդիրը հենց այստեղ է: «Մեր խնդիրն այն է, որ Հայաստանում կուսակցություններ չկան: Ի՞նչ կուսակցություններ ունենք: Ունենք ՀՀԿ, որն ԱԱԾ մի քանի գործողություններից հետո կպարզվի, որ ոչ թե քաղաքական միավորում է, այլ կրիմինալ: Ունենք «Բարգավաճ Հայաստան», որը նույնպես քաղաքական չէ, այլ՝ բարեգործական միավորում, ունենք ՔՊ, որը նոր նոր ձեւավորվում է: Էս չեղած կուսակցություններով ինչպես ենք գնալու կուսակցական ընտրությունների։ Իսկապես ծուղակ է»:

Շարքային քաղաքացիների համար սա դեռեւս խնդիր չէ: Ընտրություններում իշխանություն ձեւավորելիս ընտրողն ուղղորդվում է բոլորովին այլ սկզբունքներով: «Մեր հասարակությունը յուրահատուկ է: Ցանկացած նորանշանակ դեմքի հետ կապում են իրենց բոլոր դարդերը ու կարծում են, որ սա էն Մովսեսն է, որ կհանի իրենց էն երանելի ափերը»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Հենց այսպիսի հույսերն էին, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձրացրեցին 60 տոկոսից ավելին՝ 3 ամիս միմիայն խոստումներ էր տալիս՝ հիշում է սոցիոլոգը: Հավատի անկում կանխատեսում է  նաեւ այս դեպքում: Սոցիոլոգի այս կարծիքին համընկնում է նաեւ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի դիրքորոշումը, որ արտահերթ ընտրություններից առաջ ժամանակն աշխատում է Հանրապետականի օգտին:

Իրավական հարցերը մի կողմ դնելով՝ քաղաքական զարգացումներից այլ տպավորություններ է ստանում քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Իհարկե, չի շտապում ենթադրել, թե որ քաղաքական ուժի օգտին է աշխատում ժամանակը, բայց հաստատ պնդում է՝ դա Հանրապետականը չէ:

Քաղաքական դաշտին հետեւողներն այսօր դժվարանում են անգամ ենթադրել, թե ինչպիսի քաղաքական ուժերից առաջիկայում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, բաղկացած կլինի խորհրդարանը: Ասում են՝ ժամանակը քիչ է նոր քաղաքական ուժեր ստեղծելու եւ <<թափ հավաքելու>> համար։ Ամենայն հավանականությամբ՝ կլինեն նոր դաշինքներ, ասենք՝ արեւմտամետ, ազգայնական եւ անպայման շատ ուժեղ պոպուլիստական խմբեր:

Ցուցադրել ավելի
Back to top button