ԿարևորՔաղաքական

Կարեւոր հարված Թուրքիայի ժխտողականությանը. Թաներ Աքչամի հարցազրույցը «Ռադիոլուրին»

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության խնդրով սկսել է զբաղվել պատահականորեն։ Ընդհանրապես, պատահականությունը շատ հաճախ է գիտնականներին մղում կարեւոր հետազոտությունների։

Պատահականությունը, սակայն, Աքչամին գտավ ոչ թե Թուրքիայում, այլ Գերմանիայում։

Աքչամն այս օրերին Հայաստանում էր՝ դասախոսություններ կարդալու և մասնակցելու իր գրքերից մեկի հայերեն թարգմանության շնորհանդեսին. «Ռադիոլուր»-ի հետ զրույցում է թուրք հետազոտողը պատմել, թե ինչպես սկսեց զբաղվել հայկական հարցով։

Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստիտուտում սովորելու տարիներին թուրք պատմաբան Թաներ Աքչամի  առաջին թեման  եղել է Օսմանյան կայսրությունում խոշտանգումների պատմությունը: Հենց այս ժամանակ է ծանոթացել Աբդուլ Համիդի ժամանակաշրջանի ջարդերի պատմությանը և Օսմանյան կայսրությունում հայերին առնչվող այլ իրադարձություններին:

«Երբ ես ուսումնասիրում էի խոշտանգումների պատմությունը, մեր ինստիտուտը նոր մեծ նախագիծ սկսեց՝ կապված Նյուրնբերգյան դատավարությունների հետ: Իմ նախագիծն ավարտին էր մոտենում, և ես հետազոտության նոր առարկա էի փնտրում: Մտածեցի, որ կարող եմ ինչ-որ բան անել անել՝ կապված Ստամբուլյան դատավարությունների հետ: Ես առաջարկեցի, և ինստիտուտն ընդունեց իմ առաջարկը: Այն ժամանակ չգիտեի, թե որքան բարդ է լինելու։ Այսպես ես սկսեցի աշխատել Հայոց ցեղասպանության վրա, և դա այդպես էլ չավարտվեց»,- ասում է Թաներ Աքչամը:

Թուրքիայում ապրելու տարիներին, որպես հասարակ թուրք և որպես ձախակողմյան առաջադեմ, երիտասարդ ուսանող՝ նա գիտեր, որ անցյալում ինչ-որ բան է եղել, որ թուրքե՞րն են հայերին սպանել, թե՞ հայերը՝ թուրքերին, բայց մտածում էր, որ դա շատ վաղ է եղել և ներկայումս ավելի կարևոր հարցեր կան լուծելու:

«Ես մեկ այլ կարևոր ընկալում ունեի, որ Թուրքիան հիմնվել է իմպերիալիստական ուժերի դեմ պայքարում, և հայերն ու հույները այս գաղութատերերի կողքին են՝ մեր երկիրը մասնատելու համար: Սա էր իմ մտածելակերպը, որը ես, թեեւ դժվարությամբ, բայց կարողացա փոխել իմ ուսումնասիրությունների արդյունքում: Այդ ժամանակվանից ի վեր ես շարունակում եմ գրել, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը և ընդունի անցյալի սխալները»,- ասում է պատմաբանը.

Թաներ Աքչամը, սակայն, չի տեսնում որևէ հեռանկար, որ Թուրքիան մոտ ապագայում կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքիան նորից իր ձմեռն է ապրում: 2002-2012 թթ:-ին զարթոնք եղավ, սակայն այժմ վերադարձել է իր ավանդական քաղաքականությանը, քանի որ իշխող կուսակցությունն ու նախագահ Էրդողանը սկսեցին դաշնակցել Թուրքիայի ավանդական ուժերի՝ բյուրոկրատիայի և զինվորականության հետ, որոնք էլ հենց հանդիսանում են ժխտողական քաղաքականության առանցքը»,- ասում է Աքչամը:

Պատմաբանը որևէ փոփոխություն չի ակնկալում Թուրքիայի դիրքորոշման մեջ նույնիսկ հունիսի 24-ին սպասվող ընտրություններից հետո, քանի որ միայն 10 տոկոս ժողովրդականություն վայելող քրդամետ կուսակցությունն է ճանաչում Հայոց ցեղասպանությունը, իսկ մնացած 90 տոկոսը շարունակում են ժխտել փաստը: Հետևաբար, ոչինչ չի փոխվի, նույնիսկ, եթե ընդդիմությունը իշխանության գա։

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության, Թաներ Աքչամն ասում է, որ միայն ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կարող է փոփոխություն բերել:

«Մյուս բոլոր երկրները կարող են որոշ բարոյական ազդեցություն ունենալ: Իսկ ինչու է ԱՄՆ տարբերվում: Որովհետև եթե այն 1915 թ- ի դեպքերը որակի որպես մարդկության դեմ հանցագործություն կամ ցեղասպանություն, հայերը, կամ այլ շահագրգիռ կողմերը, կարող են այդ երկրում հայց ներկայացնել Թուրքիայի դեմ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել թուրքական ակտիվների զգալի կորուստի ԱՄՆ-ում, կամ Թուրքիայի դեմ էմբարգոյի: Սա է պատճառը, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»,- ասում է Թաներ Աքչամը:

Պատմաբանն իր աշխատություններով ջախջախում է Թուրքիայի ժխտողականության բոլոր փաստարկները, բայց համոզված է, որ Թուրքիան ժխտելու այլ ուղիներ կգտնի:

«Իմ վերջին հրատարակությունը կարևոր հարված էր Թուրքիայի ժխտողականությանը: Նրանք, հնարավոր է, չպնդեն իրենց ավանդական փաստարկները, բայց կասկած չունեմ, որ կգտնեն նոր ուղիներ։ Ժխտողականությանը կարելի է հաղթել քաղաքականությամբ, ոչ թե ակադեմիական հետազոտություններով»:

Թաներ Աքչամն այժմ ուսումնասիրում է Երուսաղեմի արխիվները, աշխատում է 1920-1921 թթ. Հալեպի հայ որբերի, ինչպես նաև Քեմալ Փաշայի՝ Աթաթուրքի մասին գրքերի վրա։ Առայժմ չի կարող ասել, թե որ աշխատությունն ավելի շուտ պատրաստ կլինի:

Back to top button