ԿարևորՔաղաքական

Քանի հայ պատգամավոր կլինի Թուրքիայի Մեջլիսում. հունիսի 24-ը ընտրական է


Թուրքիայում այս կիրակի կանցկացվեն նախագահական ու խորհրդարանական ընտրութուններ:

Ըստ ԿԸՀ տվյալների, ընտրություներին կմասնակցեն նաեւ 4 հայ թեկնածուներ՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

«Ռադիոլուրը» զրուցել է Տիգրանակերտում՝ Դիրբեքիրում բնակվող akunq.net-ի լրագրող Կարոտ Սասունյանի հետ:

Նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ուներ 3 հայ պատգամավոր: Այս անգամ ընտրություններին հայ համայնքից կմասնակցի 4-ը: Ովքե՞ր եւ ո՞ր կուսակցութունները կհայտնվեն Մեջլիսում: Դիրբեքիրցի Կարոտ Սասունյանը կարծում է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կհաղթահարի սահմանված արգելքը` ստանալով 13 տոկոս։ Խորհրդարանում կհայտնվի նաեւ Փալյանը։ Ո՞ր քաղաքական ուժին է պատրաստվում իր քվեն տալ հայ համայնքը:

«Այն փաստը, որ Կարո Փալյանը, որն արժեքավոր անձ է դիրաբեքիրցի հայերի համար, թեկնածու է առաջադրվել Տիգրակերտից մեզ շատ ուրախացրեց: Իսկ Մարգար Եսայանը՝ ԱԶԿ-ից, թշնամի կուսակցությունից է ներկայացված եւ թշնամուն է սիրահարված: Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությունն էլ այս անգամ ոչ մի հայ չի ներկայացրել իր ցուցակում, նախկինում այստեղ հայ թեկնածուն Սելինա Դողանն էր»: 

Խոսելով մյուս երկու հայ թեկնածուների՝ Լուդմիլա Բյույումի եւ Էլմաս Կիրակոսի մասին, «Ռադիոլուր»-ի զրուցակիցը հայտնեց, որ նրանք  ճանաչված չեն երկրում եւ դժվար է կանխատեսել՝ կհայտնվեն խորհրդարանում, թե՞ ոչ։ Հայազգի լրագրողը կարծում է, որ  ԸՕ վերջին փոփոխությունները չարաշահումների հնարավորություն են տալիս.

«Ընտրացուցակը պետք է փակվեր, ծրարի մեջ դրվեր եւ կնքվեր Ընտրական հանձնաժողվի կողմից: Իսկ այս նոր ԸՕ-ի փոփոխությամբ առանց կնիքի ծրարները ընդունելի են»:

Այժմ անդրադառնանք նախագահի թեկնածուների հնարավորություններին: Հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը երեք հիմնական մրցակիցներ ունի՝ «Երկաթե լեդի» անունը ստացած Մերալ Աքշեները «Լավ» կուսակցությունից, Ժողովրդահանրապետական Մուհարրեմ Ինջեին ու քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելահաթթին Դեմիրթաշը։ Հետեւելով թուրքական մամուլի արձագանքին՝ կարող ենք ասել, որ հիմնական ընտրապայքարը սպասվում է Ինջեի եւ Էրդողանի միջեւ: Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, թուրք ժողովուրդը հոգնել է միահեծան իշխանութուններից եւ երկիրը տարիներ շարունակ կառավարող նույն դեմքից՝ Էրդողանից:

«Հաշվի առնենք 3 իրողություն: Թուրքիայում տնտեսական վիճակը բավականին սրվել է: Ազգային արժույթը անկում է ապրում, որը կարող է բերել հասարակ քաղաքացիների մոտ հիասթափության ու հակազդեցություն: Երկրորդը՝ Էրդողանի բռնատիրական հակումները գնալով մտահոգիչ են դառնում հասարակության չեզոք շերտերի համար անգամ: Եվ երրորդ իրողությունը՝ Թուրքիային թարմ քաղաքական առաջնորդներ, գործիչներ են պետք, որը կարող է աշխատել հօգուտ Ինջեի:  Հասարակությունը հոգնել է Էրդողանին տեսնել տարբեր ձեւաչափերով ընտրություններում»:

Նորաստեղծ ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր ու նախագահ Մերալ Աքշեները, որը ժամանակին Թուրքիայի ներքին գործերի նախարարն էր, նույնպես վայելում է ընտրազանգվածի համակրանքը։ Հարցումների համաձայն՝ նրա ղեկավարած կուսակցությունը ունակ է խորհրդարանական ընտրություններում հաղթահարել պահանջվող նվազագույն 10 տոկոսի շեմը։ Իսլամիստական գաղափարախոսությամբ հայտնի «Երջանկություն» կուսակցությունը՝ Թեմել Քարամոլաօղլուի գլխավորությամբ, ընդդիմության ձայները կորզելու նպատակով է ընտրապայքարի մտնում:  Այդուամենայնիվ, թուրքագետ Մելքոնյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում 2-րդ փուլ կլինի՝ չբացառելով Ինջեի օգտին համախմբվելու հավանականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button