Քաղաքական

Մարտի 1. ողբերգական իրադարձությունների նոր փորձաքննությունները՝ արտերկրում


Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել, գործով նոր փորձաքննությունները հնարավոր է կատարվել արտերկրում, իսկ Հայաստանում արդեն շատերը սպասում են, թե ինչ է հրապարակելու քննություն իրականացնող մարմինը:

Մեծ արձագանք է ստանում հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հավականությունը, գլխավոր դատախազությունից խոսում են «շատ մեծ սպասելիքների» մասին:

2008-ի մայիսին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը նույնիսկ երեկ հայտարարեց գործի բացահայտման անձնական շահագրգռվածության մասին:

 

Մարտի 1-ի գործով ստացված նոր տեղեկությունները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կներկայացնի հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը: Պարբերաբար հաշվետվությունների պրակտիկայի ներմուծումն օրեր առաջ Աժ-ում լրագրողներին խոստացավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Գործի հետ կապված սպասումներն ու հույսերը շատ-շատ են»,- ասում է նա: Հանրային աջակցություն զգում են, բայց եւ ակնկալում լուրջ տեղեկություններ, որոնք կարող են նոր թափ հաղորդել գործի բացահայտմանը՝ այդ թվում նաեւ հիմք տան նախկին բարձրաստիճան ղեկավարների հարցաքննության համար: Խոսքն այս դեպքում ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների մասին է:

Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն այդպես էլ հնարավորություն չունեցավ հանդիպելու եւ հուզող հարցերը նախկին ղեկավարներին ուղղելու համար: «Խնդիրն այն է, որ հանձնաժողովը չէր կարող հրավիրել արդեն նախկին պաշտոնյաներին»,- պարզաբանում է ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը: Թեեւ վաղուց արդեն լրացել է հանձնաժողովի աշխատանքի ժամկետը, հրապարակվել են զեկույցները, բայց Նիկոյանին շարունակում է հետաքրքրել մի հարց, որի պատասխանը կարող է տալ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի հնարավոր հարցաքննության մասին լուրերին ասել էր, թե եթե հասարակության մեջ բաց հարցեր են մնում Մարտի 1-ի գործի կապակցությամբ, ապա այդ հարցերի անհերքելի պատասխանները գտնելու առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Մինչ Քոչարյանը հասարակությանն ուղղված ասելիքը փոխանցում է իր գրասենյակի ղեկավարի միջոցով, մարտիմեկյան դեպքերի բացահայտման համար անձնական շահագրռվածություն ունեցող եւս մեկ գործիչ շտապեց խոսել:

2008-ի մայիսին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը որոշեց ուղիղ եթեր մտնել ֆեյսբուքյան էջով եւ խոսել այն ամենի մասին, ինչի համար իրեն մեղադրում էին մարտի 1-ից հետո:

Հենց ուղիղ եթերում չափազանց բուռն քննարկում ծավալվեց Բաղդասրյանի էջին հետեւողների միջեւ: Օգտատեր Վալյա Շտոյանը միանգամից արձագանքեց Արթուր Բաղդասարյանի վերջին խոսքերին.

«Ուրեմն պետք է դատվեք, որ իմացել եք, որ բանակն է օգտագործվելու: Հիմա բարի եղեք իրավապահ մարմիններին հանցագործության մասին հայտարարություն տալ: Եթե ոչ` ստախոս եք»:

Ֆեյսբուքյան օգտատերեր Արթուր Վարդանյանը, Ռուզաննա Նավասարդյանը, Արմեն Կարապետյանը եւ Ալբերտ Ղազարյանը՝ ամեն մեկն իր հերթին հիշել է, որ կորցրել են հավատը, քանի որ Բաղդասարյանն ընտրություններին իրեն տված ձայներին տեր չի կանգնել ու նաեւ իրենից են պատասխան պահանջում մարտի 1-ի դեպքերի համար: Տեսակետը չեն կիսում օրինակ՝ Անի Ղրզոյանը եւ Իշխան Խաչատրյանը: Համոզված են, որ Բաղդասարյանի ձեռքերը արյունոտ չեն եւ նա եզակի անհատ է, ով կապ չունի ոչ թալանի, ոչ արյան, ոչ խարդախության ու ոչ խաբեության հետ։ Վահե Թորոսյանն իր գրառմամբ հավելել է.

«Սա բոլորիս Հայաստանն է եւ պետք է յուրաքանչյուր առողջ գաղափար սատարենք, իհարկե հանրային վերահսկողության շրջանակներում։ Ատելության էջը մեզանում փակված է»։

Բացի ուղիղ եթերից՝ Արթուր Բաղդասարյանը նաեւ գրառում է կատարել, որի հետգրության մեջ ասված է.

«Սխալներ ունեն բոլորը՝ այդ թվում եւ ես, բայց այդ սխալները շտկելու վճռականությունը շատ ավելի կարեւոր է յուրաքանչյուրիս համար, քանի որ ապագայի իրական հույսը շատ ավելի կարեւոր է, քան սոսկ անցյալի մի տխուր հիշողությունը»:

Ի դեպ, մարտի 1-ի բացահայտման գործով Հատուկ քննչական ծառայությունը հարցումներ է ուղարկել փորձագիտական հիմնարկներին՝ այդ թվում նաեւ արտերկրում գտնվող: Փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, եւ այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ:

Ցուցադրել ավելի
Back to top button