Տնտեսական

Կարկուտի վնասները հաշվարկվում են


Արմավիրի մարզի ուժեղ կարկուտը նախնական տվյալներով վնաս է հասցրել մարզի 5 համայնքների: Ե՞րբ պարզ կդառնա վնասի չափը և ի՞նչ քայլեր են իրականացվում այս ոլորտում նման վնասներից խուսափելու համար:

Երեկ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքը, ըստ նախնական տվյալների, ամբողջությամբ, հարևան Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքները:

Աղավնատուն համայնքի ղեկավար Գնել Մաթևոսյանն ասում է՝ առաջին տարին չէ կարկուտն իրենց բերքը տանում: Տուն չկա՝ վնաս կրած չլինի: 700 տանիք կա գյուղում, 700 էլ վնաս են կրել՝ մեկը մի քիչ ավելի, մեկը՝ մի քիչ պակաս:

Արագած համայնքի կրած վնասը հարևան Աղավնատանին չի հասնի, ասում է համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանը: Առաջին հայացքից ինչքան վնաս են կրել, հիմա էլ ասել կարող են, բայց վերջնական պատասխանը մեկ շաբաթից պարզ կլինի:

Տասը րոպե տևողության կարկուտն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է անգամ տների տանիքները:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը վստահեցրեց՝ կարկուտի վնասների պատկերը մի քանի օրից պարզ կլինի: Հակակարկտային կայանները չեն աշխատել այնպես, ինչպես կուզենայինք՝ ասում է նախարարը:

Հակակարկտային կայանները խնդիր ունեն, ասում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
Կայանների մեծ մասը բավական հին են նման կարկուտը ցրելու համար:
Նանա Գնոդյանը, սակայն, հույս է հայտնում, առաջիկայում այդ հարցը վերջնականապես պետք է որ լուծում ստանա: Ծրագրեր են իրականացնում:

Այսպիսի մեծ չափի վնասն այս համայնքների բնակիչների համար սովորական է, գրեթե ամեն տարի տուժում են կարկուտից: Միայն Աղավնատուն համայնքում տեղադրված է երկու հակակարկտային կայան, սակայն՝ անօգուտ: Կարկուտը մեծ վնասներ է հասցնում նաև այն ցանքատարածություններին, որտեղ տեղադրված են հակակարկտային կայանները:

Back to top button