Հասարակություն

Արյունաբանական կենտրոնի շուրջ թեժ քննարկումների հետքերով

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժանձնակազմը դժգոհում է, որ ազատվել է տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։

Իրենք ունեն տնօրենի թեկնածու, սակայն առողջապահությանն նախարարությունն անտեսել է իրենց նամակը եւ այսօր կենտրոնին ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին։

Հենց կենտրոնում այսօր բողոքողների, նախկին տնօրենի, տնօրենի պաշտոնակատարի եւ առողջապահությանն փոխնախարարի հետ հանդիպել եւ զրուցել է «Ռադիոլուր»-ը:

 

Յոլյանի անվան արյունաբանական  կենտրոնը նոր տնօրեն ունի: Սամվել Դանիելյանի նշանակումը դժգոհություն է առաջացրել բուժանձնակազմի մոտ: Առանց իրենց կարծիքը լսելու  է կատարվել նշանակումը: Պաշտոնակատարը մանկական արյունաբան է։ 11 տարի կենտրոնում աշխատած բժշկուհի Մարինե Քամալյանի  խոսքով՝ մանկական արյունաբանությունն  իրենց աշխատանքի մոտ 2 տոկոսն է կազմում:

«Մենք ունենք մեր ծրագրերն արյան բանկում, որն ունի ռազմավարական նշանակություն: Ինքը վերջին մեկ տարում, ասում են, երկրում չի եղել և չգիտի մեր նվաճումների մասին, չգիտի, թե որքան դժվար է այս ամեն ինչն աշխատացնել, որովհետև ինքը նեղ մանկական արյունաբան է»:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ նեղ մասնագիտությունն էական նշանակություն չունի տնօրենի պաշտոնակատար լինելու համար: Ժամանակավոր պաշտոնակատարն այս միջավայրի մարդ է՝ ասում է:

«Ժամանակին աշխատել է այս հիվանդանոցում և իրեն շատ լավ շատերը ճանաչում են»:   

Մինչ նոր տնօրենին նշանակելը,  բժիշկներն իրենց հետ հանդիպման խնդրանք-նամակ են ուղարկել առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունից չեն արձագանքել, ասում է մեծահասակների կլինիկա դիսպանսերային բաժանմունքի  վարիչ Մարինե Մելիք-Անդրեասյանը:

«Վիրավորված են հին և նոր աշխատողները: Լսեին կարծիքը, ճիշտ է կարծիքդ, թե՝ ոչ, թող դա հետո որոշեին: Այլ ոչ նախկին ճանապարհով ստիպողաբար նշանակեն»: 

Բուժանձնակազմը նույնիսկ  ժողով է արել և փակ քվեարկությամբ ընտրել իրենց թեկնածուին: Նախընտրելի թեկնածուն կլինիկայի մեծահասակների արյունաբան  Երվանդ Հակոբյանն է: Վերջինս հրաժարվեց մեկնաբանություններից:

«Ամբոողջ թիմը Ձեր համար է պայքարում: Իմ համար չէ պայքարը, բոլորիս պայքարն է: Այնպես չի, որ ամբողջ կյանքում երազել եմ այս պաշտոնի մասին»:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը կենտրոնի տնօրենի  2 ամսով պաշտոնակատար Սամվել Դանիելյանին արդեն ներկայացրել է աշխատակիցներին:  Տնօրեն նշանակելիս ինչու՞ է անտեսվել  բուժանձնակազմի կարծիքը, հարցնում եմ փոխնախարարին։ Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում՝ պատասխանում է: Նշանակվել է այս կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար: Մի քանի ամիս հետո տեղի կունենա նոր մրցույթ, և մրցութային կարգով կընտրվի տնօրեն:

«Որևիցե կերպ հիվանդների բուժսպասարկման վրա այս փոփոխությունները չեն ազդի,  երկրորդ՝ ամբողջ անձնակազմը, ով աշխատում է այս կենտրոնում, որևիցե կերպ չի ազդվելու այս որոշումից և շարունակելու են իրենց աշխատանքը»:

Ինչպե՞ս է պատրաստվում տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանն  աշխատել այս թիմում, որն իրեն չի ընդունում։ Հույս հայտնեց, որ մթնոլորտը կառողջանա:

« Մթնոլորտը կառողջանա, հույս ունեմ, որովհետև իմ հին ծանոթներն են: Ես այստեղ երկար ժամանակ աշխատել եմ: Աշխատել եմ արդյունավետ: Վստահ եմ, որ իմ մասնագիտական և կազմակերպչական ունակություններն ինձ թույլ կտան նորմալ, ժամանակին  ամեն ինչը կազմակերպել, որպեսզի սա գործընթացի վրա որևէ ազդեցություն չունենա»:    

Արյունաբանական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի  համբավի մասին բուժանձնակազմը չի մոռանում շեշտել:  Արտերկում ունեցած մեծ կապերի արդյունքում են եղել բազմաթիվ ներդրումներն ու  հումանիտար օգնությունները: Կլինիկան մեծ նվաճումներ է գրանցել Դաղբաշյանի շնորհիվ՝ ասում են: Սմբատ Դաղբաշյանն էլ հրաժարվեց մեկնաբանություններից:

«Նեղացա՞ծ եք: Ո՛չ, նեղացածի տեսք ունեմ: Ուրախ եմ»:

Բուժանձնակազմը չի պայքարում հին տնօրենին վերականգնելու համար, քանի որ Դաղբաշյանն ինքը դա չի ուզում՝ ասում են։

Back to top button