Տնտեսական

Ծիրանի բերքահավաք Արմավիրում

Արմավիրի մարզի այգիներում արդեն 1 շաբաթ  սկսվել  է ծիրանի բերքահավաքը:  Բերքն առայժմ իրացվում է արտահանողների կողմից: Գյուղացուց 1 կգ ծիրանը գնում են 250 դրամով:

Բերքահավաքին զուրգընթաց բացվում է նաև քաղաքաբնակների սեզոնային աշխատանքը: Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելի բարձր են վարձատրում բերքահավաքի մասնակիցներին:

Լենուղի, ասել է թե՝ լենինյան ուղի: Սա Արմավիրի մարզի գյուղերից է, որտեղ մարդիկ հիմնականում զբաղվում են այգեգործությամբ:  Ճամփեզրերով տարածվում են  ծիրանի դեղձի, սալորի, խաղողի այգիները: Այգիներում բերքն առատ է և սկսվել է ծիրանի բերքահավաքը:


Նոր հասունացող կիսադեղնած հայկական պտուղն առայժմ  վաճառքի պակաս չունի: Գյուղամիջում կանգնած էին արտահանող ընկերությունների մեքենաները:  Ծիրանը գյուղացուց գնում են 1 կգ 250 դրամով:


Այգիներ չհասած եղանակը փոխվեց ու սկսեց անձրևել: Բերքահավաքի մասնակիցները պատսպարվել էին մեքենաներում, ծիրանի արկղերն էլ փակել պոլիէթիլենային թաղանթով: Անձրևի դադարից հետո նորից գործի են անցնում, քաղում ու շարում արկղերում:

Թեև խոտը թաց է,  բայց գործն ավարտին պետք է հասցնել: Ծիրանի այգիներում բերքահավաքի մասնակիցների մի մասին այգետերն է վճարում, մյուսին՝ արտահանողը: Երկու կողմն էլ պետք է խնամքով վերաբերվեն գործին:


,,Ծիրան քաղողին ցույց եբշնք տալիս ինչպես պոկել, որ չվնասվի պտուղն ու ճյուղը: Նրանց օրավարձով վճարում ենք 5000-6000 դրամ, իսկ ժամավարձով՝ 800 դրամ,,:

Այգետիրոջ համար քաղելն է կարևոր, արտահանողի համար՝ չվնասված , գեղեցիկ ապրանքային տեսք ունեցող առողջ միրգը: Նազիկ Պողոսյանն   արդեն 6 տարի աշխատում է արտահանողների հետ: Սեզոնային աշխատանքին սպասում են հատկապես գործազուրկ քաղաքացիները:


,, Դժվար է գործը, 12 ժամ գետնին նստած բերքը տեսակավորում և շարում եմ  արկղերում այնպես, որ չքանդվի, մինչև հասնի Ռուսաստան կամ այլ երկիր, երկար ճանապարհ է անցնում,,:

Այգետերերն իրենք էին քաղում՝ ընտանիքի 4 անդամով: 3 հա պտղատու այգիներից 3000 քմ ծիրանի այգի է:  Այգետերն ամեն ծառից ակնկալում է կես տոննա բերք: Սարգիս Մուրադյանը բացում է լավ բերք ստանալու գաղտնիքը: Յուրաքանչյուր ծառի վրա ծախսել է մոտ 10000 դրամ, լավ բերքի դեպքում ավելի շատ կօգտվի:


Թեև այգետերը հումորի պակաս չունի, սակայն  իրականում ընկել է վարկերի մարման  շրջապտույտի մեջ: Ամեն ինչ սկսվեց նախորդ տարիներին բերքի հասունացման շրջանում վրա հասած աղետալի կարկուտից: Կարկուտից հետո ծառերն ու խաղողի որթերը մի քանի տարի ընկրկում են, վերականգնվելուց հետո լավ բերք տալիս:


Հողի ու բնության հետ կռիվ տվող գյուղացին չի դժգոհում, ասում է՝ իրենց մոտ էլ է իրավիճակ փոխվել, պարտքերը նվազեցրել և հասցրել են 7000 դոլարի: Բերքը կվաճառեն ու կփակեն:

,, Հույսս չեմ կորցրել և  էսօր տեսնում եմ, որ արդարությունը պիտի հաղթի: Ով աշխատի, նա էլ պետք է ուտի, հնարավոր չէ այլ կերպ,,:

Լավատեսորեն ներշնչված գյուղացու այգին աչք էր շոյում ոչ միայն խնամված տեսքով ու առատ բերքով, այլ այգու եզրերին աճեցրած վարդերով, որոնք գեղագիտական հաճույք են հաղորդում այգում գտնվողին:

 

Back to top button