Հասարակություն

Մակարավանքը վտանգված է

Համայնքից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մակարավանքի հետ աչաջուրցիները մեծ հույսեր են կապում, ասում են՝ Աչաջուրը կծաղկի, եթե վերանորոգվի դեպի սրբավայր տանող անբարեկարգ ճանապարհը: Սակայն վերանորոգման կարիք ունի ոչ միայն ճանապարհը այլև ինքը՝ հուշարձանը: 13-րդ դարի կառույցն այսօր լրջորեն վտանգված է:

Օրերս Տավուշի մարզի Աչաջուր համայնքում էինք: Տեղացիները մեծ հպարտությամբ էին խոսում  գյուղից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի  վանական համալիրի՝ Մակարավանքի մասին:


Աչաջուրցիները համոզված պնդում էին՝  եթե սրբավայր տանող ճանապարհը վերանորոգվի,  զբոսաշրջիկների թիվն այնտեղ կտրուկ կաճի, համայնքի բյուջեն կմեծանա, կլուծվեն գյուղի հազար ու մի տեսակ խնդիրները, մարդկանց սոցիալական վիճակը կբարելավվի:


Արդեն Մակարավանքում մենք պարզեցինք, որ վերանորոգման կարիք ունի ոչ միայն սրաբավայր տանող ճանապարհը, այլև հենց Մակարավանքը: Այն այս պահին մասամբ վերոնորոգվում է: Տեղի հոգևոր սպասավոր Արշավիր քահանա Ասատրյանի  տեղեկացմամբ, հովանավորները շարքային հավատացյալներ են, առայժմ տանիքն են թիթեղապատում․


«Եկեղեցու հարևանությամբ նաև հովվատուն ենք կառուցում»:


Եկեղեցու հարևությամբ կառուցվող հովվատան վերաբերյալ մշակույթի նախարարության  Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի կարծիքը, ի դեպ, բացասական է: Ռադիոլուրի հետ զրույցում նա նշեց, որ կառույցը խաթարում է հուշարձանի պատմական միջավայրը:


Շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ գրությունը նախարարությունն առաջիկայում կհասցեագրի ինչպես տեղական իշխանության մարմիններին, այնպես էլ Մայր Աթոռին ու իրավապահներին:

Արմեն Աբրոյանի խոսքով, ապօրինի է ոչ միայն այս շինության կառուցումը, այլև Մակարավանքում ընթացող մասնակի վերանորոգումը, քանի որ սահմանված կարգով չեն ստացել մշակույթի նախարարության թույլտվությունը։

Միաժամանակ, մշակույթի նախարարության ներկայացուցիչը ևս չի ժխտում, որ Մակարավանքում լուրջ խնդիրներ կան պահպանության առումով: 13-րդ դարի կառույցն այս պահին վթարային է։

ՀՀ տարածքում հաշվառված բոլոր հուշարձանները գտնվում են մշակույթի նախարարության պահպանության ու պաշտպանության ներքո: Այս գործառույթներն իրականացնելու պարտավորություններն,  ըստ Աբրոյանի, օրենքով դրված է հուշարձանն օգտագործողի կամ սեփականատիրոջ վրա: Տվյալ դեպքում հուշարձանի պահպանման պատասխանատուն Մայր Աթոռն է, ինչը , սակայն մշակույթի նախարարությանը չի ազատում իր բաժին պատասխանատվությունից։


Նախարարության պաշտոնյայի խոսքով, Մայր աթոռի հետ համատեղ Մակարավանքում փորձելու են  իրականացնել առաջնային լուծում պահանջող ամրակայման աշխատանքներ, քանի որ 13-րդ դարի հրաշալի հուշարձանն իսկապես վտանգված է:

Back to top button