Հասարակություն

Նկարիչները պահանջում են նկարիչների միության նախագահի հրաժարականը

Հայաստանի նկարիչների միության անդամները պահանջում են միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը:

Ոչ միայն տարիների ընթացքում կուտակված խնդիրներն են պահանջի պատճառը, այլև կանոնադրությունը, որի համաձայն Հայաստանի նկարիչների միության նախագահն ընտրվում է համագումարում` 4 տարի ժամկետով:

Մինչդեռ արդեն 5-րդ տարին է և նոր ընտրություններ չեն կազմակերպվել:

Այսօր մի խումբ նկարիչներ հավաքվել էին Հայաստանի նկարիչների միության շենքի դիմաց՝ պահանջելով միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը: Նկարիչների կարծիքով`առկա մի շարք խնդիրների պատճառը հենց միության ղեկավարն է՝ ասում են:

Գեղանկարիչ Լևոն Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ հրաժարականի պահանջը նոր չէ հասունացել, պարզապես տարիների կուտակված խնդիրները այլ ելք չեն թողնում՝ ասում է:

Երիտասարդ նկարիչները ցանկանում են, որ ստեղծագործելու իրական հարթակ ունենան և իրենց հանդեպ խտրական վերաբերմունք չցուցաբերվի: Փոփոխությունների ժամանակն է եկել, ժամանակին համահունչ քայլելու համար միությունում պետք է սերնդափոխություն լինի՝ ասում է գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը:

Կանոնադրության համաձայն՝ Հայաստանի նկարիչների միության նախագահն ընտրվում է համագումարում 4 տարի ժամկետով, վերջին համագումարը կայացել է 2013-ին եւ, ըստ էության, 2017-ից ավարտվել է Կարեն Աղամյանի պաշտոնավարման ժամկետը՝ պարզաբանում է քանդակագործ Վահան Գալստյանը:

Հավաքված նկարիչներն իրենց պահանջը ներկայացնելու համար անձամբ հանդիպեցին միության նախագահ Կարեն Աղամյանի հետ: Վերջինս, սակայն, վկայակոչելով նոր կանոնադրությունը, նշեց, որ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Հավաքված նկարիչներն ու միության նախագահն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: Կարեն Աղամյանը խոստացավ իր որոշման մասին հայտնել հունիսի 25-ին, երբ կհավաքվեն նաև ավագ սերնդի նկարիչները:

Back to top button