Քաղաքական

Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից (լրացված)

Անկախացումից ի վեր ՀՀ գլխավոր դատախազն առնվազն 5 անգամ եկել է տարբեր գումարումների ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Քննարկումները տարբեր են եղել, բայց այսօրվանը՝ յուրահատուկ: Թերեւս սա միակ դեպքն էր, երբ խորհրդարանական մեծամասնությունը գրեթե միաձայն կողմ էր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն:

Քվեարկությունը փակ գաղտնի էր՝ քվեատուփում եղել է ընդամենը 3 դեմ ձայն: Ամենայն հավանականությամբ՝ նրանց մեջ չէր անգամ Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկեր պատգամավոր Սեդրակ Սարոյանի քվեաթերթիկը: Սարոյանն այսօր վստահեցնում էր՝ ապշած է եւ բացահայտումներից հետո կորցրել է հավատն ամեն ինչի նկատմամբ:

77 կողմ, 3 դեմ ձայներով Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Գեներալ եւ պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հանցանքներով նախատեսված պատիժը մի դեպքում 2-6 տարվա, մյուս դեպքում՝ 5-8 տարվա ազատազրկումն է: Նրան վերագրվում են հասարակական անվտանգության, ինչպես նաեւ սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություններ:

Պատգամավորներն ապշած են, վրդովված են եւ ամենաշատը՝ Մանվել Գրիգորյանի զինակից ընկեր գեներալ Սեդրակ Սարոյանը: Ահա այսպիսին էր մթնոլորտն այսօր Աժ-ում: Մի տեսակ կանգնած օդ է, սպասողական իրավիճակ: Հասկանալի է, որ այդ սպասումը միայն քվեարկության հետ չէ կապված: 25 րոպե խոսեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հատկապես մեծ ուշադրություն էր սեւեռված գեներալ Սեդրակ Սարոյանի հանդեպ, նրա առողջական վիճակն անգամ վատացավ:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդագրով էր եկել այսօր Աժ: Մեկով քրեական հետապնդում հարուցելու, մյուսով՝ անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալու համար: Առաջին իսկ հարցը, որն ուղղվեց դատախազին՝ իսկ ուր էր նա մինչեւ այսօր:

Դատախազի խոսում առկա թվային տեղեկություններից է օրինակ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերված միայն մսի եւ ձկան պահածոների արժեքը 7 միլիոն դրամ է: Ելույթի հուզական մասը դատախազն ապահովեց իր հետ բերած դպրոցականի նամակով, որն էլ ընթերցեց ԱԺ ամբիոնից: «Իմ քաջ զինվոր» բառերով սկսվող նամակն իրականում հասցեագրված էր սահմանին կանգնած զինվորին: Դատախազն ԱԺ-ում հիմնավորեց՝ հեռախոսային զրույցների վերտառությունից պարզվել է, որ քննչական գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու եւ սպասվող պատժից խուսափելու փորձեր է արել:

Հարցի քննարկման ընթացքում Հանրապետականից խոսեց միայն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Իրենց խմբակցության անդամին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկելը միասնական որոշում էր:  Փակ գաղտնի քվեարկությանը առաջին մասնակցողներից էր հանրապետական Միհրան Պողոսյանը: Արդարադատության գեներալ-մայորի կարծիքով՝ պետք չէ շտապել գնահատականներում: Ասում է՝ «փաստերը շատ են, բայց ժամանակը ցույց կտա: Պետք է թողնել, որ իրավապահներն իրենց գործն անեն»: Պողոսյանը, ի դեպ, չի վախենում, որ մի օր կվերաբացվի օֆշորի հայտնի գործը:

ԱԺ նախագահին ուղղված իր բաց նամակում երեկ Մանվել Գրիգորյանը վստահություն էր հայտնել, որ ապագայում կվերականգնի իր անունը: Ինչպես է դա հնարավոր, չի պատկերացնում ազատամարտիկ, պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվեց առանց իր մասնակցության: Դա հենց Գրիգորյանի ցանկությունն էր՝ նա չօգտվեց իր իրավունքից եւ չեկավ խորհրդարան:

Back to top button