ԿարևորՀասարակություն

Տեղի ունեցավ Թաներ Աքչամի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում այսօր տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և բռնի ուծացում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Ներկա էր անձամբ հեղինակը:

Գիրքը հայերեն թարգմանել է թուրքագետ և Հայաստանի հանրային ռադիոյի թուրքերեն հաղորդումների խմբագիր Մելինե Անումյանը:

Աքչամի այս գիրքը նորովի է բացահայտում Ցեղասպանության տարիներին հայերի բռնի իսլամացման պետական քաղաքականությունը: Մելինե Անումյանն ասում է, որ Աքչամն, ըստ էության, հերքում է իսլամացված հայերի մասին թյուր թեզերը։

«Որոշ թուրք պատմաբաններ, մասնավորապես պաշտոնական պատմագրության ներկայացուցիչներ, փորձում էին շահարկել իսլամացված հայության խնդիրը, առաջ քաշելով այն թյուր վարկածը, թե եթե կան այդքան մեծ թվով իսլամացած հայեր, ապա ցեղասպանություն չի իրականացվել», — ասում է Մելինե Անումյանը։

Այնինչ, ըստ նրա, և՛ հայ պատմաբանների, և՛ Թաներ Աքչամի գրքերը վերջնականապես ժխտում են այդ սխալ թեզը և ցույց տալիս, որ իսլամացած հայերը ևս ցեղասպանության հետևանք են, և նրանց պետք է դիտարկել ցեղասպանության համատեքստում:

Անումյանն ասում է, որ կենտրոնը ցանկանում է Թաներ Աքչամի այլ գրքեր ևս թարգմանել և հեղինակի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե հովանավորներ գտնվեն, նրա այլ գրքերը թե անգլերենից, թե թուրքերենից կթարգմանվեն հայերեն:

Back to top button