Հասարակություն

Սեւքարեցիները սպասում են համայնքի խնդիրների լուծումանը


Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի աջակցությամբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «Ռադիոլուրը» օրերս Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի համայնքներում էր՝ ծանոթանալու տեղի խնդիրներին, ներկայացնելու դրանք լայն հանրությանը:

Հիշյալ համայնքների ցանկում նաև Սևքարն էր՝ նշանավոր որպես սևքարեցի Սաքոյի ծննդավայր: Հրաշալի բնության մեջ ծվարած գյուղն այսօր, ցավոք, առանձնանում է իր հոգսերով. աշխատատեղերի, ոռոգման ջրի  բացակայություն և այլն:

 

Տավուշի մարզի Սևքար համայնքը հանրապետության  սահմանամերձ համայնքների ցանկում է: «Որպես այդպիսին որոշ արտոնություններից օգտվում է, բայց գյուղի բազմաթիվ խնդիրները դրանով չեն լուծվում».  համայնքի բնակիչ Գագիկ Աբազյանի հետ ենք զրուցում.

«Հողի հարկն են հեչ արել, բայց խնդիրներ կան: Սուր է հատկապես ոռոգման ջրի հարցը»:


Սևքարեցի Սաքոյի գյուղից բազմաթիվ երիտասարդներ այսօր արտագնա աշխատանքի են մեկնում ընտանիքի ապրուստը հոգալու համար: Իսկ տանն ամեն ամիս անհամբերությամբ սպասում են նրանց ուղարկած գումարին, որպեսզի մարեն խանութի ու մյուս պարտքերը:

Գյուղամիջի խանութի վաճառողուհին պարտքերի հաստափոր ցուցակն է ցույց տալիս, երբ հարցնում ենք ՝ հնարավորություն ունե՞ն մարդիկ առևտուր անելու, թե ոչ:

Աշխատանք, ոռոգման ջուր, բերքի իրացում. Սևքարի բազմաթիվ խնդիրների ցանկում նաև բուժծառայություններից օգտվելու խնդիրն է: Տիկին Լենայի համար այս պահին դա առաջնային է:

Նաև Սևքար է հասել լուրը, որ երրորդ երեխայի ծննդյան նպաստն ավելացել է: Արդյոք դա կնպաստի ծնելիության աճին, հարցիս զրուցակիցս պատասխանում է.

«Դժվար, բայց շատերը կան, որ երեխա են ունենում, որ այդ գումարով վարկերը մարեն: Ասում են՝ վարկերը կմարենք, էրեխեն էլ մեզ օգուտ կմնա»:


Սևքարեցի իմ մյուս զրուցակիցը ներկայանում է որպես ազատամարտիկ, ասում է՝ սահմանամերձ համայնքներում բոլորն են ազատամարտիկ: Չորս զավակ ունի, չորսն էլ բարձրագույն կրթությամբ, բայց «Կրթությունը ստացել ու շվարած նստել են», ասում է ընտանիքի հայրը:

Քանի բնակիչ ունի համայնքը հարցիս, զրուցակիցս պատասխանում է՝ ըստ էլեկտրիկների ցուցակի շուրջ 500 լույս է վառվում Սևքարում:

«Եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի մետր ենք հեռու, դա քիչ չէ, բայց  պետությունն էլ իր հերթին պիտի այնպես անի, որ այդ լույսերի թիվը չպակասի»,-ասում է սևքարեցի Սաքոյի ազատամարտիկ հայրենակիցը:

Ցուցադրել ավելի
Back to top button