ԿարևորՀասարակություն

Զինվորներին ուղղված նամակների հեղինակների արձագանքը

Ազգային անվտանգության ծառայության կողմից Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկության տեսանյութում հստակ երեւում են, որ զինվորներին օգնություն ուղարկողների թվում դպրոցներ եւ ԳԱԱ ինստիտուտներ կան, նաեւ երեխաների նամակներ՝ ուղղված հայրենյաց պաշտպանին:

Տեսանյութում երեւում են նաեւ Երկրաֆիզիկայի ինստիտուտի, Մայր Աթոռի սոցիալական բաժնի, բազմաթիվ այլ հաստատությունների ուղարկած փաթեթները, արկղերը։

 

 

Երևանի Նվեր Սաֆարյանի անվան համար 164 դպրոցի սաների նամակներն էին նաեւ հայտնվել ԱԱԾ տեսանյությում։ Դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց, որ  ուսուցիչների ջանքերով հավաքված օգնությունը հանձնվել է պաշտպանության նախարարությանը:

Նվիրատվությունը կազմակերպելիս դպրոցի անձնակազմն առավել քան վստահ էր, որ արկղերը հասնելու են հասցեատիրոջը, այն է՝ սահմանին կանգնած զինվորին: Մինչդեռ՝ երեկվա տարածված տեսանյութը ոչ միայն խորապես հիասթափեցրել է դպրոցի անձնակազմին, այլև մեծ սթրես էր այն երեխաների համար, ովքեր ևս հավատում էին, որ իրենց նամակները զինվորներն են կարդալու:

Ինչպես են իրենք՝ նամակների հեղինակներն ընդունել իրականությունը: Այն ժամանակ 3-դ դասարանի աշակերտուհի Գայանե Գրիգորյանը այժմ արդեն 6-րդ դասարան է փոխադրվում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց, թե ինչ ոգևորությամբ էին մասնակցում նվիրատվությանը:

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես». սա էլ հատված էր Նատալի  Օհանյանի նամակից, որը ևս, ինչպես պարզվեց տեսանյութից, հասցեատիրոջը չէր հասել:

Որքան էլ ցավալի էր փաստը, որ իրենց նամակները դիրքեր չէին հասել, որքան էլ մեծ էր հիասթափությունը, ինչպես Գայանեն, այնպես էլ Նատալին պատրաստ են անհրաժեշտության դեպքում նորից քաջալերել հայ զինվորին:

Back to top button