Քաղաքական

Ինչու է բարեգործության կանոնակարգումն անհանգստացնում ԲՀԿ-ին

Ազգային ժողովի՝ վաղը մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում նախագծեր են, որոնք մինչև խորհրդարանում քննարկվելը հասցրել են քաղաքական հակասությունների առիթ դառնալ:

Խնդրահարույց ներից մեկը «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն է, որը  ճակատների է  բաժանել համաձայնության կառավարություն ձևավորած քաղաքական ուժերին:

Ինչ է նախատեսում օրինագիծը և ինչու է մտահոգում «Ծառուկյան» խմբակցությանը:

Ազգային ժողովի վերջին հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համարյա սպառնաց կառավարությանը.

«Եթե այս օրնեքը բերվի և ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ  հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք կառավարություն»:

Խոսքը «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին է:  Նախագիծն ի դեպ հաստատվել է նախորդ կառավարության  ապրիլի 12-ի նիստում , այն, սակայն,  խորհրդարան է ներկայացնում  Նիկոլ Փաշինյանի  կառավարությունը:  Ծառուկյան խմբակցութանը մտահոգում է  և այս հրատապությունը , և բովանդակությունը ,  նաև այն, որ նախագիծը չի քննարկվել  քննարկվել է  գլխավոր դերակատարների հետ: Միքայել Մելքումյանի հաշվարկով , օրինակ,  հայաստանյան բարեգործական զամբյուղի 90 տոկոսը բաժին է ընկնում Գագիկ Ծառուկյանին:

«Պարոն վարչապետ, արդյոք այս օրենքը մշակելիս  խորհրդակցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ»:

Այս հայտարարություններից հետո «Ծառուկյան» դաշինքը փոքր-ինչ մեղմեց դիրքրոշումը՝ նշելով, որ կփորձեն կառավարության հետ ընդհանուր լուծումներ գտնել: Կստացվի՝ լավ, չի  ստացվի՝  դեմ կքվեարկեն:

Իսկ  ի՞նչ է նախատեսվում: Փոփոխությունների նախագիծը   հստակեցնում է բարեգործական համարվող և չհամարվող ծրագրերի սահմանգիծը: Օրինակ , նշվում  է, որ բարեգործական չեն կարող համարվել կուսակցություններին , առևտրային կազմակերպություններին  դրամական կամ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։ Բարեգործություն չէ նաև կազմակերպության՝ իր աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարմանն ուղղված ծրագիրը: Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունը նոր կառույցի ձևավորումն է:

Առաջարկվում է ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով: Այդ մարմինն է ծրագրերը որակելու  ու գրանցելու  որպես բարեգործական, չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու դրանք:  Նաև վարելու է բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը և իրավասու է լինելու  ստուգումներ  անցկացնելու վերաբերյալ իրավապահներին  միջնորդություններ ներկայացնել:  «Ծառուկյան»  դաշինքում կարծում են, որ նոր կարգավորումները սահմանափակում են բարեգործության հնարավորությունները:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանը ոչ միայն  դեմ է բարեգործությանը   ԲՀԿ-ի պրիզմայով նայելուն, այլ նաև համոզված՝ դաշտը ընտրություններից առաջ պետք է կանոնակարգվի:

ՀՅԴ-ն նույնպես բարեգործության դաշտը կանոնակարգելու կողմնակից է: Արմեն Ռուստամյանը սա պնդում է միանշանակորեն, բայց դժվարանում է բացատրել, թե ինչու է նախագիծն այդքան վրդովեցերլ օրինակ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին:

«Իրենց մոտիվացին շատ ուշադիր չեմ ուսումնասիրել, բայց դաշտը պետք է կարգավորվի:   Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք, երբ այն չարաշահվում և օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև։ Դրա դեմ, այո, պետք է պայքարել»։

Բարեգործության  թեման կդառնա արդյոք համաձայնության կառավարության առաջին անհամաձայնությունը, թե՞ ոչ, կտեսնենք վաղը: Նախագիծը  արտահերթի օրակարգային 8 հարցերից մեկն է:

Back to top button