ԿարևորՔաղաքական

Գլխավոր դատախազը դիմել է վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ նիստ հրավիրելու համար

Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական
վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների
միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված
ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք
ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու
փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ
հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի
2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի
մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է
ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը
երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության
վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու
ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել
նախաքննությունը:

Արդեն իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների, համատեղ
քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք է բերվել
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող
հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս
է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հետ
կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու
նպատակով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ»
ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով
համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու բավարար հիմքեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ
քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն
համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը
քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի
արտահերթ նիստ գումարելու համար:

Back to top button