ԿարևորՀասարակություն

Ինչպես են Էջմիածնում արձագանքում իրադարձություններին

Մի քանի օրվա թոհ ու բոհից հետո Էջմիածին քաղաքն այսօր արդեն հանգիստ էր: Քաղաքապետարանում պաշտոնատար անձանց դռները փակ էին: Մամուլի պատասխանատուն ասաց, որ արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հեռախոսահամարն անհասանելի է: ԱԱԾ հունիսի 17-ին հրապարակեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության  տեսանյութը, որից հետո  գեներալի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը,  իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրաժարական է տալիս իր կամքով:

Էջմիածնում բոլորը վերջին օրերի դեպքերն էին քննարկում՛ սպասված բացահայտումներ էին, ասում էին: Սակայն շոկի մեջ էին՛ զինվորին հասցեագրված օգնությունը սեփական կենդանիներին կերակրի բաժին դարձնելու լուրն էր ցնցել:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում փոխանցեց, որ հիմա էլ է կրկնում նախկին թեզը՛  արածների համար պետք է պատասխան տալ:

«Վրդովված են տղերքը, չեն էլ ուզում հավատալ, որ կարող է նման բան լինել: Ու եթե եղած լինի, բոլորն էլ կդապարտեն: Ըտենց մարդու հետ մի օր չեմ աշխատի իհարկե, եթե նման բաներ արել է»:

Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը ևս կդադարեցնի գեներալի հետ աշխատանքը, եթե քննությունը հաստատի լուրը:

«Եթե այս ամենը դառնա իրականություն, իմ համար կլինի մեծ շոկ: Ու այդ ժամանակ ես բոլորիդ ներկայությամբ  իմ խիստ դիրքորոշումը կներկայացնեմ: Իմ հալալ եղբայրը, եթե նման բան անի, իմ համար անընդունելի կլինի, ուրեմն ես եղբայր չունեմ»:  

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան էլ կառավարության այսօրվա արտահերթ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այն ապրանքները, որոնք արտադրված են զինված  ուժերի համար և հայտնաբերվել են  Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում, երկու հիմնական ճանապարհով  օրինական կարգով փոխանցվել են Երկրապահ կամավորական  միությանը: Շուրջ 20 տարի ԵԿՄ պահեստազորի բանակումներ է իրականացրել, որի ժամանակ դիմել է Պն-ին և ստացել տարբեր տեսակի իրեր: Սակայն թե ինչ նպատակների  են ծառայել  ապրանքները, դրա վերահսկողություն պաշտպանության նախարարությունը չունի, նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

« Սնունդը հատկացվում է երկու հիմնական ճանապարհով՝ բանակումների համար, ինչպես նաև  կամավորների առաջնագծում ծառայելու ընթացքում հատկացվել է ՊԲ կողմից: Եթե իր նպատակներին չի ծառայել: Դա արդեն քրեորեն պատժելի արարք է: Դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»:   

Մանվել Գրիգորյանին պատկանող ավտոպարկում հայտնաբերված ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված շտապօգնության մեքենայի վերաբերյալ ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ  շտապօգնության մեքենաների կարիք բանակը միշտ ունի: Կարևորն այն չէ, որ բանակը դրա կարիքն ունի, թե՛ ոչ: Կարևորն այն է, որ նվիրատված որևէ միջոց չի հասել հասցեատիրոջը:

Back to top button